Քաղաքականություն

Որպես ընդդիմադիր գործիչ՝ Փաշինյանը զիջում է Լևոն Տեր-Պետրոսյանին, Վազգեն Մանուկյանին և Կարեն Դեմիրճյանին. Աշոտյան

6 րոպեի ընթերցում

Որպես ընդդիմադիր գործիչ՝ Փաշինյանը զիջում է Լևոն Տեր-Պետրոսյանին, Վազգեն Մանուկյանին և Կարեն Դեմիրճյանին. Աշոտյան

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը ԱԺ հատուկ նիստի ժամանակ իր խոսքն ուղղեց ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նա արձանագրեց, որ այսօր երկրում քաղաքական եղանակ ստեղծող թիվ մեկ անձնավորությունը որպես անհատ Նիկոլ Փաշինյանն է:

«Շնորհավորում եմ, պարոն Փաշինյան, Ձեզ մոտ ստացվեց: Երբ մի քանի շաբաթ առաջ Դուք փորձում էիք, գնում էիք Հրապարակում կանգնում էիք, ոչ ոք այստեղ նստածներից՝ բացառությամբ Ձեր կուսակցության անդամներից, Ձեզ չէր հավատում: Ձեզ մոտ ստացվեց: Դուք ներշնչեցիք հույս, էներգիա, Դուք ոգևորեցիք մարդկանց: Տարիների ընթացքում՝ անկախության վերահաստատումից ի վեր երկրում կուտակված խնդիրները, որոնք չի կարելի վերագրել բացառապես վերջին 10 տարիներին, այնուհանդերձ այս 3 նախագահական ժամկետներից հետո Սերժ Սարգսյանը գնաց՝ իր հետ տանելով պետականության վերստեղծման պահից առ այսօր կուտակված բոլոր պետական, քաղաքական ձախողումների ու մեղքերի ծանրությունը: Ես խնդրում եմ Ձեզ, այլևս մի շահարկեք Սերժ Սարգսյանի անունը: Այդ ասպետական քայլից հետո դա առնվազն ազնիվ չէ: Մենք բոլորս Ձեր ասած նոր Հայաստանում ենք ապրում, և եկեք նոր գինին չփորձենք լցնել հին տակառների մեջ՝ կամ պայթեցնելու է, կամ թթվի»,- ասաց Աշոտյանը:

Նա ընդգծեց, որ այս իրականությունը բերել է մի իրավիճակի, երբ խորհրդարանում կրքեր են բորբոքվում: «Դուք ասացիք «Մերժիր Սերժին», Սերժ Սարգսյանը գնաց, չուզեցիք Կարեն Կարապետյանին, Կարեն Կարապետյանը չառաջադրվեց, մերժեցիք ՀՀԿ-ին, մենք ոչ մի թեկնածու չենք առաջադրել: Այս հաջողությունը Ձերն է և մեր ժողովրդինը՝ այն մարդկանցն է, ովքեր հիմա մեզ նայում են: Այդ արմատների մեջ մենք մեր մեղավորությունն ունենք: Ամենայն պատասխանատվությամբ եմ հայտնում՝ գրեթե չկա հանրությանը հայտնի գեթ մեկ գործիչ, որ իր մեղքի բաժինը չունի այս խնդիրների ծագման կամ զարգացման մեջ»,- նշեց հանրապետական պատգամավորը:

Աշոտյանը հայտարարեց, որ պատրաստ է աշխատել ընդդիմություն: Նրա համոզմամբ՝ ապրիլի 30-ի ՀՀԿ խմբակցության հանդիպումը Փաշինյանի հետ դրա վառ ապացույցներից մեկն էր: «Երկրին պետք է ընդդիմություն, այլակարծություն, ազատության արտահայտման հնարավորություն: Ժողովրդավարությունը տոտալիտար ճնշման մեխանիզմներով չի հաստատվում»,- հայտարարեց նա:

Պատգամավորը որպես վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի ելույթն անվանեց դիմադրողական, արժանապատիվ, բայց ոչ համարժեք այն խնդիրներին, որ կան Հայաստանի համար՝ անվտանգություն, կոռուպցիա, միգրացիա, աղքատություն:

«Անկեղծ ասեմ, ընդդիմադիր այն բոլոր մարդկանց մեջ, որ ես տեսել եմ այս ամբողջ ընթացքում, Փաշինյանը զիջում է և՛ Լևոն Տեր-Պետրոսյանին, և՛ Վազգեն Մանուկյանին, և՛ Կարեն Դեմիրճյանին: Նա հրաշալի խարիզմատիկ, ինտելեկտուալ, խելացի մարդ է, բայց կան գործոններ, երևույթներ, որոնք այս կամ այն պարագայում հնարավոր չեն դարձնում այդ պաշտոնավարումը»,- ասաց նա:

Աշոտյանն անընդունելի համարեց բանաձևը, որ «կամ դուք իմ եղբայրն եք, կամ ես ձեզ պետք է խաչեմ»:

«Կործանարար եմ համարում այն մոտեցումը, որ առկա աշխարհաքաղաքական պայմանների պարագայում մեզ ստիպում են կատարել մի ընտրություն, որը ինձ համար անձամբ Հայաստանի ավարտի սկիզբն է: Ես չեմ ուզում Նիկոլ Փաշինյանը, ով հաջողությամբ դարձավ հայկական Մանդելա, հանկարծ դառնա Հայաստանի կործանման պատճառ կամ Հայաստանի Հանրապետության վերջին վարչապետ: Նիկոլն իր անունը գրել է Հայաստանի ժողովրդի, նորագույն պատմության մեջ, ոսկե տառերով է գրել՝ պատմության տեսակետից, ժողովրդավարության տեսակետից: Չեմ ուզում փոխվի, ուզում եմ կապիտալիզացնել այն, ինչ ունենք բոլորս: Չէ որ այդ հաղթանակը, ըստ մեր գործընկերների, բոլորինս է»,- նշեց ՀՀԿ-ական պատգամավորը:

Հիշեցնելով օրերս տեղի ունեցած մի դրվագ, երբ Մայր Աթոռի տաճարից խաչ են ուզեցել կտրել, նա բացարձակապես անընդունելի համարեց նման գործելաոճը: «Կապ չունի քաղաքականության հետ, վստահաբար, բայց նման բան պատկերացնել, որ 305-6 թվականներին հիմնադրված Մայր Աթոռի տաճարից որևէ մի հայորդի, թեկուզ հանրապետական, թույլ կտա իրեն բարձրանալ, խաչ կտրել... ո՞ւր ենք հասել, ժողովուրդ: Ինչպիսի՞ մթնոլորտում ենք մենք պահում մեզ, մեր հայրենակիցներին: Մենք չափից ավելի անհոգ, էմոցիոնալ ու բարի ժողովուրդ ենք այն աշխարհագրական դիրքում, որը զբաղեցնում ենք: Խնդրում եմ Ձեզ, մի պիտակավորեք այն մարդկանց, ովքեր ուրիշ կերպ են մտածում: Չէ որ ժողովրդավարական Հայաստանը պետք է ունենա մարդկանց կարիք, որոնց վրա պետք է հենվի, և դա ընդդիմությունն է:

Հայաստանի Հանրապետությունը պետք է մնա որպես պետություն՝ իր հերոսներով, փայլուն երիտասարդությամբ, այլակարծությամբ և իր ազատությամբ: Մենք հայրենիք զիջելու իրավունք չունենք, ու խնդիրը պարզապես պարոն Նիկոլ Փաշինյանը չէ»,- ասաց Աշոտյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում