Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը հայտարարում է ընդունելություն

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը հայտարարում է ավագ դպրոցի 10-րդ դասարանի սաների 2018-2019թ.թ. ուսումնական տարվա ընդունելություն։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, Կրթությունը ռազմամարզական վարժարանում իրականացվում է հանրակրթական ավագ դպրոցի ուսումնական և ռազմամարզական եռամյա հատուկ պատրաստության ծրագրերով: Վարժարան ընդունվել ցանկացող հանրակրթական դպրոցի 9-րդ դասարանի արական սեռի աշակերտները և նրանց ծնողները ապրիլի 20-ից ՀՀ պաշտպանության նախարարությունում, Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում, իրենց տարածքային զինկոմիսարիատում կամ www.monte.am կայքի միջոցով կարող են ներկայացնել համատեղ դիմում։

ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ

Հունիսի 1-ից մինչև հունիսի 29-ը, ժամը 10:00-ից 17:00-ն, դիմորդները ընդունելության համար Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան կամ ՀՀ պաշտպանության նախարարություն են ներկայացնում հետևյալ փաստաթղթերը.

Դիմում՝ www.monte.am էլ. կայքի միջոցով (կարող է նաև լրացվել տարածքային զինկոմիսարիատում, ՀՀ պաշտպանության նախարարությունում կամ Վարժարանում),

Տեղեկանք հոգեբուժական և նարկոլոգիական դիսպանսերներից (ներկայացվում է անձամբ, հաշվառման պոլիկլինիկայից),

Ձև 63 և քաղվածք երեխայի բժշկական հսկողության ամբուլատոր քարտից,

Ինքնակենսագրություն (դիմորդի ձեռագրով),

9-ամյա կրթության վկայականը և պատճենը՝ գնահատականների ամփոփագրով,

Ծննդյան վկայականը (կամ անձնագիրը) և պատճենը,

3x4 չափի 4 լուսանկար:

Դիմորդները լրացուցիչ կարող են ներկայացնել ՀՀ զինված ուժերում ծառայող բարձրաստիճան զինվորականի կողմից տրված երաշխավորագիր` ազատ շարադրանքով:

Դիմորդների և նրանց ծնողների համար յուրաքանչյուր շաբաթ և կիրակի օրերին ժամը 11:00-ից 17:00-ն Վարժարանում գործելու են բաց դռների օրեր: Այցելուները կարող են ծանոթանալ վարժարանի պայմաններին, ընդունելության գործընթացին, ստանալ հետաքրքրող հարցերի պատասխանները:

ԲԺՇԿԱԿԱՆ ԱՆՎՃԱՐ ԶՆՆՈՒԹՅՈՒՆ

Դիմորդների բժշկական զննումը կազմակերպվում է 2018թ. հուլիսի 1-ից 15-ը:

Ընդունելության հայտագրումից հետո դիմորդները ՀՀ պաշտպանության նախարարության կայազորային հոսպիտալներում` ըստ բնակության վայրի, անցնում են բժշկական անվճար զննում:

ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Առարկայական թեստավորումը կազմակերպվելու և անցկացվելու է հուլիսի 20-ից 25-ն ընկած ժամանակահատվածում՝ Երևան քաղաքում՝ «Այբ» դպրոցում (հասցե՝ Թբիլիսյան խճուղի 11/11):

Հանրակրթության առարկայական չափորոշիչներով և ծրագրերով ամրագրված գիտելիքների, կարողությունների և հմտությունների ստուգման նպատակով դիմորդները մրցութային կարգով «Հայոց լեզու» և «Մաթեմատիկա» առարկաներից մասնակցում են թեստավորման, որը գնահատվում է 20 միավորային համակարգով: Հարցաշարերը կազմվում են հանրակրթական դպրոցի 9-րդ դասարանի ավարտական քննությունների թեստերի չափորոշիչներին համապատասխան՝ լրացուցիչ ներառելով նաև դիմորդների լեզվամտածողության, խոսքի մշակույթի, տրամաբանության, վերլուծական մտածողության ստուգման առաջադրանքներ:

ՄԱՐԶԱՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՍՏՈՒԳԱՐՔ

2018թ. հուլիսի 27-ից մինչև օգոստոսի 1-ը, Դիլիջանում դիմորդների ֆիզիկական պատրաստվածությունը, մասնագիտական կողմնորոշումը և հոգեբանական համատեղելիությունը ստուգելու նպատակով կանցկացվի մարզահոգեբանական ստուգարք՝ եռօրյա բացօթյա գիշերակացով՝ արշավի ձևաչափով: Արշավի ընթացքում իրականացվելու են ֆիզիկական պատրաստվածության և հոգեբանական դիտարկումներ, ինչը հնարավորություն կտա բացահայտել դիմորդի պատասխանատվության, սթրեսակայունության, ընկերասիրության, դատողունակության, հավասարակշռվածության աստիճանը, կամային որակները և հասակակիցների շրջանում դրսևորած վարքագիծը, ֆիզիկական դիմացկունությունը, ճարպկությունը:

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ

Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի ընդունելության արդյունքներն ամփոփում է ընդունող հանձնաժողովը` օգոստոսի 5-ից մինչև օգոստոսի 10-ն ընկած ժամանակահատվածում: Քննությունների արդյունքների մասին դիմորդներին կտեղեկացվի անհատական ծանուցմամբ: Բժշկական զննության և առարկայական թեստավորման արդյունքները կարող են բողոքարկվել դրանք հրապարակելուց հետո՝ 24 ժամվա ընթացքում: Մարզահոգեբանական ստուգարքի արդյունքները բողոքարկման ենթակա չեն:

Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի ընդունելության հետ կապված լրացուցիչ տեղեկություն կարող եք ստանալ +374 (60) 71-30-01, +374 (60) 71-30-03 հեռախոսահամարների կամ admissions@monte.am էլ. փոստի միջոցով։

Հայերեն

Սերժ Սարգսյանը գործի քննության ընթացքում չի մասնակցի դատական նիստերին

Սպանության փորձի, ապօրինի զենք պահելու, քրեական ենթամշակույթի հետ առնչություն ունենալու մեջ մեղադրվող 8 անձանց վերաբերյալ քրեական գործը դատարանում է

Հորմուզի նեղուցը բաց է և բաց կմնա՝ Իրանի հետ կամ առանց Իրանի․ Թրամփ

«Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնը համալրվել է վերջին սերնդի անգիոգրաֆով

Գեղարքունիքի մարզում ավտովթարի հետևանքով 7 ամսական երեխա է մահացել

Հութիները մեղադրել են Սաուդյան Արաբիային Սանայի օդանավակայանը ռմբակոծելու համար և պատասխան հարված են խոստացել

Կասեցվել է «Հեքիաթ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարող է վերահսկողություն հաստատել Հորմուզի նեղուցի նկատմամբ

Շարունակելով ներդրումը երիտասարդների կրթության մեջ. Ամերիաբանկն ամփոփել է «Իմ Հայաստան, իմ ապագա» ուսանողական մրցույթը

Հաճախորդների շնորհակալության օր Վանաձորում․ IDBank