ԵԱՀԿ ԽՎ ներկայացուցիչը Հայաստանում կառուցողական երկխոսության կոչ է արել

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մայրաքաղաք Երևանում հավաքների անցկացման կապակցությամբ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի մարդու իրավունքների հանձնաժողովի ղեկավար Իգնասիո Սանչես Ամորը (Իսպանիա) ապրիլի 20-ին բոլոր ներգրավված կողմերին կառուցողական երկխոսության կոչ է արել: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԵԱՀԿ ԽՎ գրասենյակից:

«Ես ողջունում եմ ժողովրդի քաղաքացիական ներգրավվածությունը, ովքեր խաղաղ ցույցերի միջոցով օգտագործում են խոսքի ազատության իրենց իրավունքը: Իշխանությունները պետք է հարգեն այս իրավունքը, և ես ի գիտություն եմ ընդունում հաղորդումները ուժի անհամաչափ կիրառման վերաբերյալ: Միևնույն ժամանակ, հիշեցնում եմ, որ խաղաղ ցույցեր իրականացնելու իրավունքը թույլ չի տալիս ցուցարարներին ներխուժել շինություններ և խաթարել գործընթացները»,- նշել է Իգնասիո Սանչես Ամորը:

Նա կողմերին անհրաժեշտ զսպվածություն ցուցաբերելու կոչ է արել՝ ապահովելու բոլորի՝ սեփական կարծիքն արտահայտելու իրավունքը: ԵԱՀԿ ԽՎ ներկայացուցիչը հորդորել է կողմերին վերադառնալ կառուցողական երկխոսության: «Այս համատեքստում մամուլի ազատությունն ունի առաջնահերթ նշանակություն և լրագրողները պետք է պաշտպանվեն բռնության ցանկացած դրսևորումներից»,- հայտարարել է Իգնասիո Սանչես Ամորը:

ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ու կողմնակիցները ապրիլի 13-ից փակել էին Երևանի Ֆրանսիայի հրապարակը: Նրանք ապրիլի 16-ի առավոտից կաթվածահար էին արել մայրաքաղաքի կենտրոնի երթևեկությունը, փակել բանուկ փողոցները: Դրանք երեկոյան արդեն բացվել էին, սակայն ապրիլի 17-ի առավոտյան կրկին փակվել էին հավաքի կազմակերպիչների և մասնակիցների կողմից: Ապրիլի 16-ին Բաղրամյան պողոտայում ոստիկանների և հավաքի մասնակիցների միջև միջադեպ է գրանցվել: Վեց ոստիկան, Նիկոլ Փաշինյանն ու հավաքի մոտ չորս տասնյակ մասնակիցներ տարվել էին հիվանդանոցներ: Այդ օրն ավելի քան 8 տասնյակ մարդ է բերման ենթարկվել ոստիկանություն վարչական իրավախախտումների դեպքերով: Ապրիլի 17-ի երեկոյան Փաշինյանը հայտարարել է, որ կբացեն Ֆրանսիայի հրապարակը և կգիշերեն տանը: Սակայն նրանք ապրիլի 18-ի առավոտյան կրկին փակեցին հրապարակն, ապա քայլերթով հասան ՀՀ վարչապետի նստավայր: Նրանք ապրիլի 18-ին ևս քայլերթեր են իրականացրել, իսկ ապրիլի 19-ին առավոտից փորձել են արգելափակել Կառավարության 3-րդ մասնաշենք աշխատակիցների մուտքը: Ապրիլի 19-ին ավելի քան 100 մարդ է բերման ենթարկվել: Իսկ ապրիլի 20-ին նրանք կրկին երթ սկսեցին՝ այս անգամ Գյուլբենկյան փողոցից: Ապրիլի 20-ին բերման ենթարկվածների թիվը հասավ 183-ի:

Հայերեն English Русский

Մունդիալ-2026. Իսպանիան եզրափակիչում է

Այս հաղթանակը մեզ համար շատ արժեքավոր է. Մանուել Տուլիպա

Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիա»-ն Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում է

Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին անվերապահ է, լիակատար և մշտական․ Երևանում մեծ հանդիսավորությամբ նշվեց Բաստիլի գրավման օրը

Թրամփը պատմել է Հորմուզի նեղուցով անցնելու համար վճար սահմանելու որոշումից հրաժարվելու պատճառի մասին

Նեթանյահուն խոստացել է վճռական պատասխան տալ Իրանի հնարավոր հարձակմանը

Փրկարարները զարգացնում են իրենց մասնագիտական գիտելիքներն ու գործնական հմտությունները

Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել

Կինոն բռնեց իմ ձեռքն ու կյանքիս ընկերը դարձավ. «Ոսկե ծիրան»-ի շրջանակում կինոռեժիսոր Մարկ Քազընսը հանդիպեց երկրպագուների հետ

ԱՄՆ-ն առաջիկա տարիներին ազդեցություն կունենա Սերբիայի էներգետիկ ոլորտի վրա. Վուչիչ