Քաղաքականություն

Ազատության հրապարակում ընթանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրահավաքը

2 րոպեի ընթերցում

Ազատության հրապարակում ընթանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրահավաքը

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկշաբաթյա քայլերթից հետո Երևանի Ազատության հրապարակում մեկնարկել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրահավաքը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հանրահավաքի մեկնարկին ելույթ ունեցավ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը:

«Սիրելի հայրենակիցներ, քայլերթի 14 օրերի ընթացքում մենք Գյումրիից ոտքով քայլելով հասանք Երևան, և ահա Ազատության հրապարակում ենք: Սա արշավ էր հանուն Հայաստանի քաղաքացու, ընդդեմ արտագաղթի և հանուն նոր կյանքի: 14 օրերի ընթացքում մենք ոտքով կտրել ենք 212 կիլոմետր ճանապարհ և կատարել շուրջ 320 հազար քայլ: Այդ քայլն արել ենք այսօր այստեղ ձեզ հանդիպելու համար»,- ասաց Փաշինյանը:

Նա հայտարարեց, որ ցանկանում է համերաշխության ձեռք մեկնել Հայաստանի բոլոր ընդդիմադիր քաղաքական ուժերին: «Սիրելի գործընկերներ, մենք այս ընթացքում շատ հակասություններ ենք ունեցել, կռվել ենք, վիճել ենք, երբեմն նաև իրար վիրավորել ենք, բայց կարծում եմ, որ ժամանակն է, որ ներենք միմյանց»,- ասաց Փաշինյանը:

«Իմ քայլը» նախաձեռնության շրջանակներում Նիկոլ Փաշինյանը, նրա կուսակիցներն ու համակիրները Գյումրիից քայլերթ են իրականացրել՝ այդ ընթացքում լինելով հանրապետության մի շարք բնակավայրերում: Մինչև հանրահավաքի մեկնարկը «Իմ քայլը» նախաձեռնության անդամները շրջայց կատարեցին Երևանում և հանրահավաքի մասին իրազեկում իրականացրեցին: Այդ ընթացքում նրանք նաև ԵՊՀ ներխուժեցին, հանդիպում պահանջեցին ռեկտոր Արամ Սիմոնյանի հետ, սակայն հանդիպումը չկայացավ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում