ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահի պաշտոնի համար Արմեն Սարգսյանի անձն ընդունելի և կոմպրոմիսային էր բոլորի համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ապրիլի 10-ին լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:
«Արմեն Սարգսյանի անձն այնպիսին էր, որ նա ընդունելի և կոմպրոմիսային էր գրեթե բոլորի համար: Դրա մասին նույնիսկ Նիկոլ Փաշինյանն (ընդդիմադիր «Ելք» խմբակցության ղեկավար) էր ասում՝ թեև առաջ էր քաշում նաև փաստաթղթերի հետ կապված որոշ հարցեր»,-ասաց Քոչարյանն ու հավելեց՝ ընդ որում կարծում եմ կոմպրոմիսային էր բոլորի համար՝ ինչպես ներսում, այնպես էլ դրսում:
Այնուամենայնիվ, սահմանադրական փոփոխություններով նախագահները մեծ գործառույթներ չեն ունենալու: Երկիրն անցել է կառավարման խորհրդարանական համակարգի: Քոչարյանն ինչևէ չբացառեց, որ Նախագահ Արմեն Սարգսյանն արտաքին քաղաքականության մեջ կօգտագործի իր լայն կապերը:
Անդրադառնալով այն դիտարկմանը, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պաշտոնի ստանձնման կապակցությամբ շնորհավորել էր Նախագահ Արմեն Սարգսյանին, իսկ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը երդմնակալության արարողությանը ներկա չէր, Քոչարյանն ասաց՝ փոխարենը ներկա էին առաջին նախագահի աշխատակազմի ղեկավար Շահեն Կարամանուկյանը և այդ թիմից շատ այլ մարդիկ:
Հայաստանի Հանրապետության նորընտիր Նախագահ Արմեն Սարգսյանը ապրիլի 9-ին Ազգային ժողովի հատուկ նիստում երդմամբ ստանձնեց ՀՀ Նախագահի լիազորությունները: