Պաշտոնական

ՀՀ Նախագահը մասնակցել է Սուրբ Գրիգոր Նարեկացու արձանի բացման հանդիսավոր արարողությանը

3 րոպեի ընթերցում

ՀՀ Նախագահը մասնակցել է Սուրբ Գրիգոր Նարեկացու արձանի բացման հանդիսավոր արարողությանը

ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սուրբ Աթոռ կատարած պաշտոնական այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 5-ին Վատիկանում մասնակցել է «Տիեզերական եկեղեցու վարդապետ» հռչակված Աստվածաշնորհ Սուրբ Գրիգոր Նարեկացու արձանի բացման արարողությանը: Բացումը կատարել է Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանը:Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Շուրջ երկու մետր բարձրությամբ բրոնզե արձանը ձուլվել է Չեխիայում, հեղինակը Հայաստանի ժողովրդական նկարիչ, քանդակագործ Դավիթ Երևանցին է, ճարտարապետը` Միքայել Հասրաթյանը: Այս նախաձեռնությունն իրականություն է դարձել Միքայել Մինասյանի և ռուսաստանաբնակ հայտնի գործարար Արթուր Ջանիբեկյանի բարերարությամբ և Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանության մշակույթի բաժնի պատասխանատու Վարդան Կարապետյանի կազմակերպական ջանքերի շնորհիվ: Արձանը պատրաստված է երկու օրինակից. մեկը տեղադրվեց Վատիկանում, իսկ երկրորդը կտեղադրվի համայն հայության հոգևոր կենտրոն Էջմիածնում։

Վատիկանի պարտեզներում արձանի հանդիսավոր բացումից հետո տեղի է ունեցել էկումենիկ արարողություն` Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի մասնակցությամբ:

Հանրապետության Նախագահն այնուհետև այցելել է Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպանություն, որտեղ տեղի է ունեցել պարգևատրման արարողություն:

Նախագահի հրամանագրերով դիվանագետի օրվա կապակցությամբ, Հայաստանի Հանրապետության և Սուրբ Աթոռի միջև միջպետական հարաբերությունների ամրապնդման և զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանՄիքայել Մինասյանըպարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով, բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպանության գրասենյակի վարիչՄարիամ Երեմյանըպարգևատրվել է Երախտագիտության մեդալով, մարդասիրական և բարեգործական անխոնջ գործունեության համար բարերարՍմբատ Կարապետյանըպարգևատրվել է Մխիթար Հերացու մեդալով, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Իտալիայի Հանրապետության Սենատի Հայաստան-Իտալիա խորհրդարանական բարեկամական խմբի անդամ, սենատորԱլդո դի Բիաջոյինպարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում