Բժշկական հանրությանն են ներկայացվել փոքր կոնքի գոյացությունների վարման ժամանակակից մոտեցումները
2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտասահմանյան առաջատար փորձի հիման վրա ՀՀ առողջապահության նախարարության կողմից մշակվող ուղեցույցների և գործելակարգերի թեմատիկ կլոր սեղան-քննարկումների շրջանակում ՀՀ ԱՆ Կլինիկական ուղեցույցների և գործելակարգերի մշակման հանձնաժողովի նախագահ, «Վարդանանց» նորարարական բժշկական կենտրոնի տնօրեն Հարություն Մանգոյանըև Ռադիոլոգների հայկական ասոցիացիայի նախագահ, բժշկական ախտորոշիչ ճառագայթաբանության գծով ՀՀ ԱՆ գլխավոր մասնագետ Գեղամ Աղաբեկյանն անցկացրել են «Փոքր կոնքի գոյացությունների վարման ժամանակակից մոտեցումները» թեմայով քննարկում։ Ներկա են գտնվել Երևանի խոշոր բժշկական կենտրոնների 30 փորձառու բժիշկ-սոնոգրաֆիստներ և մանկաբարձ-գինեկոլոգներ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից։
Հաղորդագրության մեջ նաև նշված է. ««Վարդանանց» ՆԲԿ բժիշկ-սոնոգրաֆիստ Ա. Ճանճապանյանը ներկայացրել է մշակված հերթական փաստաթուղթը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ձվարանների ախտաբանությունների ճառագայթաբանական ախտորոշման արդի հիմնահարցերը: Մասնավորապես, առաջարկվել է կիրառել ձվարանների նորագոյացությունների ռիսկի գնահատման պարզ և արդյունավետ կանխորոշիչ համալիր։
Ծավալված քննարկման և հարց ու պատասխանի ժամանակ լուսաբանվել են մասնակիցներին հետաքրքրող բոլոր հարցերը։ ՀՀ ԱՆ կլինիկական ուղեցույցերի և գործելակարգերի մշակման հանձնաժողովի կողմից կազմակերպվող պարբերական նմանատիպ քննարկումները նպատակ ունեն հնարավորինս նպաստելու մշակվող և մշակված փաստաթղթերի բոլոր դրույթների վերաբերյալ մասնագիտական համաձայնության ձեռքբերմանը և մասնագետների իրազեկվածության բարձրացմանը»։