Քաղաքականություն

ՔՊ-ի քայլերթը միտված է քաղաքացիների ինքնավստահության բարձրացմանը. Փաշինյանը՝ «Իմ քայլը» նախաձեռնության մասին

3 րոպեի ընթերցում

ՔՊ-ի քայլերթը միտված է քաղաքացիների ինքնավստահության բարձրացմանը. Փաշինյանը՝ «Իմ քայլը» նախաձեռնության մասին

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության «Իմ քայլը» նախաձեռնությունը միտված է քաղաքացիների ինքնավստահության և ինքնագնահատականի բարձրացմանը: «Իմ քայլը» քայլերթի շրջանակներում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

«Մենք ուրախ ենք, որ այս քայլերի ընթացքում ունեցած շփումների ընթացքում մարդկանց տրամադրությունները փոխվում են: Ես կարծում եմ, որ ինստիտուցիոնալ ընդդիմության կայացման մեր տեսլականի հաջողության համար ամենակարևորը քաղաքացու ինստիտուտն է: «Մեր քայլ»-ը նվիրված է հենց քաղաքացիության ինստիտուտը ուժեղացնելուն»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց Փաշինյանը:

Նա նաև հայտնեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ապրիլի 13-ից Ազատության հրապարակում հանրահավաքների շարք կսկսի, որը կշարունակվի առնվազն մինչև ապրիլի 17-ը` Հայաստանի խորհրդարանում նոր վարչապետի ընտրության օրը: «Մենք ապրիլի 13-ին կգանք ազատության հրապարակ: Գուցե այնպես ստացվի, որ ինչ-որ մարդիկ մեզ Երևանի մատույցներում միանան, և մենք միասին երթով իջնենք Ազատության հրապարակ: Մենք կգնահատենք իրավիճակը և դրան համապատասխան գործողություններ կձեռնարկենք: Բայց ես կարող եմ ասել, որ ապրիլի 13-ին հանրահավաքը չի ավարտվելու. այն շարունակվելու է մինչև ապրիլի 17-ը»,- մանրամասնեց Փաշինյանը:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մարտի 31-ից սկսել է «Իմ քայլը» խորագիրը կրող քայլերթը, որի ընթացքում մինչև ապրիլի 13-ը կուսակցության ներկայացուցիչները և նրանց համակիրները կլինեն հանրապետության տարբեր բնակավայրերում, իսկ ապրիլի 13-ին կհասնեն Երևան` ամբողջ ճանապարհն անցնելով քայլելով: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության բողոքի ակցիային չեն միացել «Ելք» դաշինքում նրա գործընկեր կուսակցությունների` «Լուսավոր Հայաստան»-ի և «Հանրապետության» ներկայացուցիչները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում