Քաղաքականություն

ՍԴՀԿ-ն մի սեղանի շուրջ կնստի նույն օրակարգն ունեցող ուժերի հետ, իսկ Փաշինյանի քայլը ձախողված է համարում

3 րոպեի ընթերցում

ՍԴՀԿ-ն մի սեղանի շուրջ կնստի նույն օրակարգն ունեցող ուժերի հետ, իսկ Փաշինյանի քայլը ձախողված է համարում

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը պատրաստ է մի սեղանի շուրջ նստել նույն օրակարգն ունեցող քաղաքական ուժերի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, լրագրողների հետ հանդիպմանը այս մասին հայտարարեց ՍԴՀԿ կենտրոնական վարչության անդամ Նարեկ Գալստյանը: Նրա խոսքով` այսօր Հայաստանի քաղաքացիների մոտ կուսակցությունների նկատմամբ անվստահության մթնոլորտ կա, եւ դա գալիս է տարբեր ժամանակներում կուսակցությունների կողմից հնչեցրած սուտ խոսելու բանաձեւերից: «Մենք, որպես կուսակցություն, ուզում ենք ազնիվ լինել, չասել մի բան, որը չենք կարողանա հետագայում անել»,-ասաց Գալստյանը:

Նա նշեց, որ կուսակցությունը գնում է այն ճանապարհով, որին հավատում է: «2017 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքներից հետո պարզից պարզ էր, որ Հանրապետական կուսակցությունն էր ձեւավորելու առաջիկա կառավարությունը: Մեր կուսակցությունը ձեռնպահ է մնում ուրեւիցե քաղաքական քայլից` կապված մեծամասնության թեկնածուի հետ: Մենք ուզում ենք լինել գաղափարական այլընտրանք»,-հավելեց բանախոսը:

ՍԴՀԿ կենտրոնական վարչության անդամը փաստեց, որ Հայաստանում գաղափարների ոչ թե սով, այլ տոտալ բացակայություն կա: «Երբ շփվում ենք մեր համաքաղաքացիների հետ, հասկանում ենք, որ նրանց համար ամենակարեւորը աշխատանքն է, հացը և սոցիալական պաշտպանվածությունը»,-նշեց Գալստյանը:

Անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի սկսած քայլերթին, կուսակցության անդամը նշեց, որ այն հաջողությամբ չի պսակվի: «Այն գործունեությունը, որ այսօր ծավալում է Նիկոլ Փաշինյանը շատ հստակ ձախողված վերջնագիծ ունի»,-ասաց նա, հավելելով, որ քայլերթը չի նպաստի որեւէ հարցի լուծման, քանի որ չկա այլընտրանքային գաղափարների առաջարկ:

Նիկոլ Փաշինյանի քայլերթը մեկնարկել է մարտի 31-ին` Գյումրիի Վարդանանց հրապարակից: «Իմ Քայլը» անվանմամբ այս նախաձեռնությամբ ընդդիմադիր պատգամավորը կուսակիցների ու համախոհների հետ երկու շաբաթ շարունակ ոտքով կշրջի հանրապետության մի շարք քաղաքներով և ապրիլի 13-ին կհասնի Երևանի Ազատության հրապարակ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում