Հայաստանի չգազաֆիկացված համայնքներն ընտրում են արևի էներգիան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի չգազաֆիկացված համայնքներն անցնում են արևային էներգիայի օգտագործմանը: Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության(R2E2)հիմնադրամը Հայաստանի չգազաֆիկացված համայնքների էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված ծրագրի շրջանակում երեք ամսում բավարարել է 320 հայտ: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց հիմնադրամի տնօրեն Արմեն Մելկիկյանը, այս ծրագրով մատչելի վարկեր են տրվում ֆինանսական կառույցների կողմից արևային վահանակներ և ջրատաքացուցիչներ տեղադրելու նպատակով: «Մենք փորձում ենք սոցիալական խնդիր լուծել այն համայնքներում, որտեղ գազի մատակարարման ենթակառուցվածք չկա, այդ համայնքները մեր երկրի մոտ 5 տոկոսն են կազմում: Փաթեթ ենք ստեղծել մեր շրջանառու միջոցների հաշվին, աշխատում են վարկային կառույցների հետ ու առաջարկում ենք ֆիզիկական անձանց օգտվել 7-8 տոկոս տարեկան տոկոսադրույքով ու 8 տարի մարման ժամկետով արևային վահանակներ և ջրատաքացուցիչներ տեղադրելու առաջարկից»,-ասաց հիմնադրամի տնօրենը:

Նրա խոսքով` հաշվարկները ցույց են տվել, որ 350 լիտր տարողությամբ ջրատաքացուցիչ տեղադրելու դեպքում ամսական վճարը միջինում կազմում է 7 հազար դրամ: «Դա գրեթե նույն գումարն է, ինչ նա կվճարեր հոսանքով ջուր տաքացնելու համար: Բավականին լավ աշխատող գործիք է, ցանկացողների բանակը գնալով շատանում է, երեք ամսում արդեն 320 հայտ ենք բավարարել, ֆինանսավորումն արդեն տեղաբաշխվում է ֆինանսական կառույցների միջոցով»,-հավելեց Արմեն Մելկիկյանը:

Նա տեղեկացրեց, որ ծրագիրը շարունակական դարձնելու և ընդլայնելու ցանկություն ունեն, ինչի նպատակով դիմել են մի շարք դրամաշնորհների: Նախատեսվում է ստեղծել գործիք և փոխհատուցել ծրագրում ներառված համայնքների բազմազավակ ընտանիքների տոկոսադրույքը: «Սկզբնական փուլում դա կվերաբերի երկու մարզերի` Շիրակի ու Գեղարքունիքի, հաջողության դեպքում կփորձենք ֆինանսական գործիքներով խթանել ոլորտի զարգացումը` միաժամանակ օգնելով մարդկանց լուծել իրենց առօրյա հոգսերը»,-հավելեց մեր զրուցակիցը:

Արմեն Մելկիկյանը չբացառեց, որ ֆինանսական միջոցների առկայության դեպքում ծրագիրը կգործի նաև այն շահառուների համար, ովքեր, չնայած ապրում են գազաֆիկացված համայնքներում, բայց չեն օգտվում այս վառելիքից: Բացի այդ` իրենց առջև խնդիր են դրել անտառամերձ գյուղերում նման ծրագրեր իրականացնելու, որպեսզի մարդիկ, օրինակ, ջուր տաքացնելու համար փայտ չգողանան:

ՀՀ շուրջ 280 համայնքի բնակիչներ և իրավաբանական կազմակերպություններ հնարավորություն կստանան արտոնյալ պայմաններով ձեռք բերել մաքուր էներգիա ստանալու համար նախատեսված սարքավորումներ` կատարելով նվազագույն ներդրումներ:

Հայերեն English Русский

Ծանրամարտի աշխարհի առաջնությունների դրոշը փոխանցվել է Հայաստանին

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա

Հոգեբուժարանում հաշվառված անձը կասկածվում է 29-ամյա երիտասարդին դանակահարելու և սպանելու մեջ․ Ոստիկանությունը ձերբակալել է կասկածյալին

Ընդդիմադիրները փողոցում ներկայացրել են իրենց համախմբման օրակարգը, Ռուբինյանը նրանց մեղադրել է ՀՀ անկախության դեմ պայքարելու մեջ

Ալիևը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը կոնկրետ արդյունքներ կտա

ՀՀ ԶՈՒ ղեկավարությունը մեծ ուշադրություն է դարձնում հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների սպառազինությանը

Փաշինյանը ցավակցել է Կրակովում կրակոցների հետևանքով զոհերի ընտանիքներին

Հայաստանի լեռնային և նախալեռնային գոտիներում տեղումներ կդիտվեն ձյան և թաց ձյան տեսքով

Փաշինյանը պատարագի է մասնակցել Նորավանքում

Վարազդատ Լալայանը` աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր