Մեդեա Աբրահամյանը փայլուն թավջութակահարուհի է. հանդիսավորությամբ նշվեց նշանավոր երաժիշտի հոբելյանը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր, պրոֆեսոր, թավջութակահարուհի Մեդեա Աբրահամյանը հրաշալի անձնավորություն է, որը դեռ դպրոցական տարիներից աչքի էր ընկնում իր փայլուն կատարողական արվեստով, և հայ կոմպոզիտորները երազում էին, որ հենց նա կատարի իրենց ստեղծագործությունները:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին թավջութակահարուհու հոբելյանական միջոցառմանն ասաց երաժիշտ, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Մարտին Վարդազարյանը:

Նշանավոր երաժշտի հոբելյանին նվիրված հանդիսությունը տեղի ունեցավ մարտի 1-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում:

«Ես միակ կոմպոզիտորն եմ, որը դեռ նրա համար գործ չի գրել: Իմանալով Մեդեայի պահանջկոտությունը` վախենում էի, որ գուցե ստեղծածս արժանի չլինի նրա աղեղին: Հիմա հասունացել է պահը. գրում եմ մի ստեղծագործություն, որն ավարտելուն պես կնվիրեմ Մեդեա Աբրահամյանին»,-ասաց Վարդազարյանը` սրտանց շնորհավորելով թավջութակահարուհուն:

Ցերեկույթին ներկայացվեց նաև Սերգեյ Մանվելյանի «Մեդեա Աբրահամյան» աշխատությունը, որում ամփոփված են Աբրահամյանի կյանքի և բեմական գործունեության վերաբերյալ արժեքավոր նյութեր:

«Գիրքը շատ բազմաբովանդակ է. ներառում է թավջութակահարուհու հուշերը, որոնք քաղել եմ տարբեր տարիներին գրված հուշագրություններից, լուսանկարներ, պաստառներ, նամակներ և այլ բնույթի վավերագրեր, որոնց գերակշիռ մասը հրապարակվում է առաջին անգամ»,-ներկայացրեց երաժիշտի կենսագիրը:

Միջոցառմանը ելույթներ ունեցան Մեդեա Աբրահամյանի գործընկերները, ընկերները, նրա արվեստի երկրպագուները՝ ամենաջերմ բարեմաղթանքներն ուղղելով մեծ թավջութակահարուհուն: Հնչեցին Արամ Խաչատրյանի և Առնո Բաբաջանյանի ստեղծագործություններից:

Վաստակաշատ երաժիշտը պարգևատրվեց Հայաստանի երաժշտական ընկերության ոսկե հուշամեդալով:

«Հուզվում եմ և չեմ կարող ոգևորությունս շատ բառերով արտահայտել: Միայն կարող եմ շնորհակալություն հայտնել այն մարդկանց, ովքեր հիշում են ինձ: Այստեղ են իմ կոմպոզիտորները, իմ դաշնակահարները, իմ ընկերները և անգամ ուսուցիչները: Երջանիկ եմ և տխուր…»,-խոստովանեց հոբելյարը և շեշտեց, որ Հայաստանում շատ են տաղանդավոր ստեղծագործողները, ովքեր կարող են բարձունքներ նվաճել, միայն թե նրանք պետք է մնան երկրում ու չարտագաղթեն:

Միջոցառումն իրականացվեց «Երաժշտական Հայաստան» ամսագրի գլխավոր խմբագիր Գոհար Շագոյանի նախաձեռնությամբ:

Մեդեա Աբրահամյանը առաջին հայ թավջութակահարն է, ով պատուհան բացեց դեպի միջազգային հեղինակավոր բեմեր: Նրան ծափահարել են բազմաթիվ երկրներում՝ԱՄՆ-ում, Կանադայում, Ֆրանսիայում, Հունգարիայում, Սիրիայում, Լիբանանում, Կորեայում, Բուլղարիայում, Բելգիայում և այլն: Ելույթներ է ունեցել այնպիսի հեղինակավոր համերգասրահներում, ինչպիսիք են Նյու Յորքի «Carnegie Hall», Փարիզի «Théâtre des Champs Elysées», «Salle Pleyel», Բուենոս Այրեսի «Teatro Colón», Լյուքսեմբուրգի «Grand Théâtre», Մոսկվայի «Bolshoi Théâtre»: Որպես երաժշտական փառատոնների ժյուրիի անդամ և նախագահ հանդես է եկել տարբեր երկրներում, վարել վարպետության դասեր:

Դասավանդել է Պ. Ի. Չայկովսկու անվան երաժշտական 10-ամյա դպրոցում,Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: Նա հայկական թավջութակային գրականության բազում ստեղծագործությունների առաջին կատարողն է:

Մեդեա Աբրահամյանին նվիրված ստեղծագործություններ են հորինել հայ և օտարազգի մի քանի տասնյակ կոմպոզիտորներ՝ Էդուարդ Միրզոյանը, Ավետ Տերտերյանը, Արտեմի Այվազյանը, Ղազարոս Սարյանը, Վարդան Աճեմյանը և այլք:

Հայերեն

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ժամանել է Երևան

COP 17-ի շրջանակում կազմակերպության կողմից գնված գույքն ամբողջությամբ ՀՀ գույքն է և օգտագործվելու է ըստ անհրաժեշտության․ ՇՄ նախարարի տեղակալ

ՍԴ նախագահի ընտրություններում թեկնածուներից ոչ ոք չի ստացել անհրաժեշտ թվով ձայներ. կանցկացվի նոր ընտրություն

Միացյալ Նահանգները վերացրել են Վենեսուելայի նախագահի պաշտոնակատարի եղբոր նկատմամբ սահմանված պատժամիջոցները

«Յագելոնիա»-ն շատ լավ թիմ է՝ հստակ խաղային ձեռագրով. Մանուել Տուլիպա

Հռոմի պապը վիրահատությունից հետո աստիճանաբար ապաքինվում է

Բաքվում հանդիպել են Ադրբեջանի և Իսրայելի նախագահները

«Արարատ-Արմենիա»-ի կիսապաշտպան Տեռայի կարծիքով՝ «Յագելոնիա»-ն ձգտելու է Հայաստանի չեմպիոնի դեմ խաղում հաղթանակի հասնել

Իրաքում ակնկալում են, որ թուրքական զորքերի դուրսբերումը երկրից կավարտվի երեք ամսում

«Հայաստան» համահայկական հիմնադրամը և Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը կմիավորեն ջանքերը մարզերում կրթական հնարավորությունների ընդլայնման համար