Հասարակական

Դեսպան Մինասյանը հանդիպել է Ռումինիայի Ուղղափառ Եկեղեցու հովվապետ Դանիել պատրիարքի հետ

3 րոպեի ընթերցում

Դեսպան Մինասյանը հանդիպել է Ռումինիայի Ուղղափառ Եկեղեցու հովվապետ Դանիել պատրիարքի հետ

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Տ. Տաթև եպս. Հակոբյանի ուղեկցությամբ փետրվարի 27-ին հանդիպել է Ռումինիայի Ուղղափառ Եկեղեցու հովվապետ Նորին Երանելիություն Դանիել պատրիարքի հետ:Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. «

Դանիել պատրիարքը ողջունեց Հայաստանի դեսպանի այցելությունը պատրիարքարան և շնորհավորեց նրան Ռումինիայում դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ:

ՀՀ դեսպանն իր հերթին Ն.Ե. Դանիել պատրիարքին փոխանցեց Ամենայն Հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին II-ի ջերմ ողջույնները՝ նշելով, որ Վեհափառը թանկ հիշողություններ է պահպանել Սուչավայի Հաճկատար հայկական վանքի 500-ամյակի կապակցությամբ 2012թ. Ռումինիա կատարած իր այցից և Դանիել պատրիարքի հետ հանդիպումից:

Խոսելով Ռումինիայում հայերի հազարամյա ներկայության և Ռումինիայի հայոց թեմի 600-ամյա գործունեության մասին՝ ՀՀ դեսպանը գոհունակություն հայտնեց էթնիկ և կրոնական փոքրամասնությունների նկատմամբ Ռումինիայի իշխանությունների, ուղղափառ եկեղեցու և հասարակության վերաբերմունքի կապակցությամբ` Ռումինիան բնութագրելով որպես քրիստոնեական հավատքի պատվար, որն առաջինն է պետական մակարդակով ապաստան տվել Օսմանյան Թուրքիայում ցեղասպանությունից մազապուրծ հայերին` նրանց համար դառնալով երկրորդ հայրենիք:

Հայաստանի դեսպանը նշեց նաև, որ երկու ժողովուրդների պատմական ընդհանրությունները, բազմադարյա կապերը, միջպետական համագործակցության ամուր հենքը հուշում են, որ կարելի է հոգևոր ոլորտում ևս ամրապնդել ու խորացնել երկկողմ կապերը` փոխգործակցություն ծավալելով Բուխարեստի և Երևանի պետական համալսարանների աստվածաբանական ֆակուլտետների, Գևորգյան հոգևոր ճեմարանի, վանական համալիրների միջև, փոխադարձ ուխտագնացություններ կատարել Հայաստանի և Ռումինիայի քրիստոնեական սրբավայրեր:

Հանդիպան ավարտին դեսպան Մինասյանը Դանիել պատրիարքին նվիրեց հայկական խաչքարերի վերաբերյալ մեծադիր հրատարակություն և կարճ հարցազրույց տվեց պատրիարքական հեռուստատեսությանը»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում