Հասարակական

Երեւանի հասարակական տրանսպորտի նոր ցանցի նախագիծը լրամշակման փուլում է

2 րոպեի ընթերցում

Երեւանի հասարակական տրանսպորտի նոր ցանցի նախագիծը լրամշակման փուլում է

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանի հասարակական տրանսպորտի նոր ցանցի նախագիծը լրամշակման փուլում է: Նոր ցանցում կներգրավվեն նաեւ շրջանցիկ ճանապարհները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին Երեւանի քաղաքապետարանում մեկնարկած մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի բարեփոխումների աշխատանքային խմբի հերթական նիստի ժամանակ ասաց Երեւանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը:

Նրա խոսքով` Երևանի քաղաքապետարանը, որպես տրանսպորտի բարեփոխումների գործընթացի կազմակերպող, նոր ցանցի նախագծում ներգրավված յուրաքանչյուր երթուղի փորձարկել է իր կառույցների միջոցով: «Մենք մեր առաջարկություններն ուղարկել ենք խորհրդատու կազմակերպությանը: Մենք նաեւ առաջարկներ ենք ստացել Հայաստանի փոխադրողների միությունից, Ճանապարհային ոստիկանությունից»,-ասաց նա:

Քաղաքապետի տեղակալը նշեց, որ ցանցի նախագծի առաջարկների մի մասը վերաբերել է փողոցների թողունակությանը: «Մենք ըստ փողոցների՝ յուրաքանչյուր երթուղի քննարկել ենք եւ մեր առաջարկություններն ենք ներկայացրել: Հաջորդ փաթեթը վերաբերում էր կանգառներին, դրանց քանակին, հեռավորությանը»,-հավելեց նա:

Վահե Նիկոյանն ասաց, որ առաջարկությունների փաթեթում ներառվել են նաեւ մայրաքաղաքը շրջանցող ճանապարհները: «Երթուղային ցանցը այս բարեփոխումների մեջ ամենակարեւոր բաղադրիչն է, եւ մենք պետք է վստահ լինենք, որ այն լիովին բավարարելու է մեր բնակչության պահանջներին»,-նշեց Նիկոյանը:

Հասարակական տրանսպորտի բարեփոխումներից հետո վերանալու է գծատեր հասկացությունը: Գազելներին փոխարինելու են գալու մեծ ու միջին տեղատարողությամբ ավտոբուսներ։ Մոտ 4 անգամ կրճատվելու է ընդհանուր ցանցի երկարությունը: Ներկայումս գործող 115 երթուղու փոխարեն շահագործվելու է ընդամենը 42 երթուղի։ Օպտիմալացում կա նաև տրանսպորտային միջոցների քանակի հարցում՝ 2039 միավորից այն դառնալու է 939։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում