Համայնքներում համակարգային մոտեցման բացակայությունը հանգեցրել էր մոտ 1 մլրդ դրամի աշխատավարձի պարտքի
2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գյուղապետերի՝ տարիներով արձակուրդ չգնալու պատճառով հսկայական աշխատավարձի պարտք էր կուտակվել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը։
«Լրջագույն խնդիրներից մեկը, որ ունեինք համայնքներում ու որոնք համակարգման խնդիր ունեին, համայնքների հաստիքացուցակի, աշխատողների թվակազմի հետ կապված խնդիրներն էին։ Տարիների ընթացքում համայնքներում համակարգային մոտեցման բացակայությունը հանգեցրել էր նրան, որ շուրջ 1 մլրդ դրամի չափով մեր համայնքներում կար աշխատավարձի պարտք, որը ձևավորվել էր հիմնականում արձակուրդ չգնալու պատճառով»,- ընդգծեց նախարարը և հավելեց, որ եղել են համայնքապետեր, ովքեր տարիներով արձակուրդ չեն գնացել՝ գումարները կուտակելով, և չընտրվելու դեպքում ստացել է անմիջապես ողջ արձակուրդի գումարը։
Նախարարի խոսքով՝ այդ պատճառով համայնքը լուրջ ֆինանսական խնդիրներ է ունեցել։ 2017 թվականին մոտ 200 մլն դրամով նմանատիպ համայնքային պարտք նվազեցրել են։ Լոքյանն իր համոզմունքը հայտնեց, որ 2018 թվականին այս պրոցեսը շարունակելով՝ հնարավոր կլինի հասնել այն բանին, որ համայնքը չի ունենա նման ուշացած պարտքեր և բյուջեի վրա ծանր բեռ չի դնի։
«Նախկինում ունեինք համայնքներ, որտեղ բյուջեի 84 տոկոսը ծախսվում էր աշխատավարձ վճարելու վրա։ Համայնքները պետք է ծառայություն մատուցեն քաղաքացիներին և դրանից միջոցներ ստանան, ոչ թե եկամուտները ծախսեն միայն աշխատավարձի վրա»,- ասաց նախարար Լոքյանը։
Նա տեղեկացրեց, որ համայնքները պետությունից տարեկան մոտ 48 մլրդ դրամի չափով դոտացիա են ստանում, սակայն այդ միջոցներն այնպես էին ծախսվում, որ դա չէր հանգեցնում համայնքների կապիտալի ավելացմանը։
2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ համայնքների ֆոնդային բյուջեներում ձևավորվել է 6 մլրդ դրամի գումար, որն ուղղվելու է կապիտալի մեծացմանը։