Հասարակական

Ավարտին է մոտենում Արտաշատի հիվանդանոցի կառուցումը

3 րոպեի ընթերցում

Ավարտին է մոտենում Արտաշատի հիվանդանոցի կառուցումը

ԱՐՏԱՇԱՏ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտաշատի նոր հիվանդանոցի՝ 2016 թվականի հունիսից սկսված շինարարական աշխատանքները կավարտվեն այս տարվա աշնանը:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Արտաշատ» ԲԿ տնօրեն Սոկրատ Հախվերդյանը նշեց, որ նորակառույց եռահարկ հիվանդանոցը կունենա մանկական, վերակենդանացման, վիրաբուժական-վնասվածքաբանական, ընդհանուր թերապիայի, նյարդաբանական, ուռոլոգիայի, անոթային վիրաբուժության բաժանմունքներ ու ծառայություններ, որոնք սպասարկման բարձր որակ կապահովեն քաղաքացիների համար: Արդեն պատրաստ են նաեւ խտացված օդի, թթվածնային կենտրոնացված, ինչպես նաեւ օդափոխման համակարգերը: Բոլոր բաժանմունքները կապահովվեն նոր արդիական սարքավորումներով, բժշկական կահույքով եւ պարագաներով: Սկզբնական համաձայնություն է ձեռք բերվել ՀՀ առողջապահության նախարարության հետ համակարգչային շերտագրման /KT/ եւ ռենտգեն սարքավորումների բաժինը մեկուսացնելու համար համապատասխան միջոցներ ձեռնարկելու ուղղությամբ: «Արտաշատի հիվանդանոցը ողջ մարզում միակն է, որ կունենա համակարգչային շերտագրման /KT/ սարքավորումը, ինչից կօգտվեն ոչ միայն մեր, այլև հարեւան մարզերի բնակիչները: Արարատի մարզի բնակիչները հիվանդության ամբողջական պատկերն ունենալու համար այլեւս ստիպված չեն լինի վերոնշյալ սարքավորումների միջոցով հետազոտվելու նպատակով մայրաքաղաք հասնել»,-նկատեց Հախվերդյանը:

Հիվանդանոցում կտեղադրվեն նաեւ ցնցուղներ, կկուտակվի 300 խմ խմելու ջուր: Նշենք, որ Արտաշատի հիվանդանոցը անգամ խորհրդային տարիներին ջուր չի ունեցել: Քաղաքացիները չեն մոռացել այն տխուր պատկերը, երբ հարազատները ջուր էին բերում փոքրիկ տակառիկներով ու ջրի շշերով: Այժմ նորակառույց հիվանդանոցը վերջնականապես կունենա մշտական խմելու ջրի մատակարարում: Բոլոր հիվանդասենյակները կապահովվեն սառնարաններով, հեռուստացույցներով, նոր մահճակալներով, սպիտակեղենով:

Արդիական բժշկական սարքավորումներին տիրապետելու նպատակով ՀՀ ԱՆ ԾԻԳ-ի գրասենյակը բժիշկներին վերապատրաստելու նպատակով կկազմակերպի համապատասխան դասընթացներ:

Շուտով կսկսվեն հիվանդանոցի ներքին հարդարման աշխատանքները: Կկանաչապատվի հիվանդանոցի շրջակայքը, կից պուրակը կհարստանա նոր ծառերով, թփուտներով և լավագույն հանգստյան գոտի կդառնա հիվանդների ու այցելուների համար:

Լիլիթ Մաճկալյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում