Քաղաքականություն

Հայաստանում ԱՄՆ դեսպանը հյուրընկալվել է Ռազմական համալսարանում

2 րոպեի ընթերցում

Հայաստանում ԱՄՆ դեսպանը հյուրընկալվել է Ռազմական համալսարանում

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը փետրվարի 21-ին հյուրընկալվել է ՀՀ պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեսպանը ներկայացրել է ԱՄՆ-ի ազգային անվտանգության նոր ռազմավարության և ազգային պաշտպանական ռազմավարության հիմնադրույթները: Քննարկումներին մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը, ռազմական համալսարանի ղեկավար կազմը, հրամանատարաշտաբային ֆակուլտետի ունկնդիրներ, ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի, ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության ներկայացուցիչներ:

Շնորհակալություն հայտնելով հրավերի համար` դեսպան Միլսը կարևորել է հանդիպումը և նշել, որ այն կօգնի ՀՀ ներկա և ապագա զինվորական առաջնորդներին առավել լայն պատկերացում կազմելու ԱՄՆ նոր վարչակազմի կողմից վարվող անվտանգության քաղաքականության վերաբերյալ: «ԱՄՆ ազգային անվտանգության ռազմավարությամբ առաջ քաշված բոլոր նպատակներն էլ որոշ առումներով ուղղակիորեն առնչվում են Հայաստանին, քանի որ դրանցից յուրաքանչյուրում էլ մենք ունենք ընդհանուր շահեր: Այնտեղ գովեստով են հիշատակվում ՆԱՏՕ-ի դաշնակից և գործընկեր երկրները, ինչպիսին է նաև Հայաստանը, որոնք միասին պայքարում են ահաբեկիչների դեմ և ջանում են բարելավել ահաբեկչության դեմ ուղղված պայքարն ամբողջ աշխարհում»,-ընդգծել է դիվանագետը:

Քննարկման մասնակիցները կարծիքներ են փոխանակել տարածաշրջանային անվտանգության, Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման, հայ-ամերիկյան հարաբերությունների, ԱՄՆ-ի անվտանգային քաղաքականությանն առնչվող հարցերի վերաբերյալ:

Եզրափակելով քննարկումները` ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը կարևորել է նման հանդիպումներն ու անկեղծ քննարկումները, ինչպես նաև ԼՂ հակամարտության խաղաղ հանգուցալուծմանն ուղղված ԱՄՆ-ի ջանքերը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում