Հասարակական

Խարբերդի մանկատունն ընդարձակում է իր գործունեության ոլորտը

3 րոպեի ընթերցում

Խարբերդի մանկատունն ընդարձակում է իր գործունեության ոլորտը

ԱՐՏԱՇԱՏ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խարբերդի մասնագիտացված մանկատունը երեխաների առողջության վերականգնման դժվարին գործում շարունակում է ներդնել համաշխարհային փորձն ու մեթոդները: Մանկատունը համագործակցում է Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքի «Աֆոլտե» վերականգնողական կենտրոնի մասնագետների հետ:

Վերջերս այնտեղից Խարբերդ ժամանած մասնագետները երկու շաբաթվա ընթացքում աշխատողների համար անցկացրին սեմինարներ, գործնական պարապմունքներ, հաղորդեցին իրենց գիտելիքներն ու փորձը: Ապրիլի 3-ին մանկատան մասնագետները կմեկնեն Ցյուրիխ՝ մասնագիտական կարողությունները կատարելագործելու եւ նրանց փորձը տեղում ուսումնասիրելու նպատակով:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում մանկատան տնօրեն Հարություն Բալասանյանը նշեց, որ մանկատունն ավելացրել է ձիաբուժության նպատակով պահվող ձիերի քանակը: Ձիանոցի ներսում 20 աղջիկների եւ տղաների համար կառուցվել են հանդերձարաններ՝ ամենաարդիական եւ համապատասխան հարմարություններով, սանհանգույցներով: Մանկատանը երեխաները զբաղվում են նաեւ սպորտով, արհեստներով, բացի բուժումից՝ իրենց օրը հագեցնում զանազան օգտակար զբաղմունքներով:

Մանկատանն այդ նպատակով կառուցվել է կարի ոչ մեծ արտադրամաս՝ հագեցած արդիական գործիքներով եւ անհրաժեշտ նյութերով: Իրենց պատրաստած հուշանվերներով մանկատան սաները բազմիցս մասնակցել են ցուցահանդես-վաճառքների. միայն երեք անգամ՝ Երեւանի Սերգեյ Մերգելյանի անվ. ինստիտուտում: Տնօրենի խոսքով՝ կառուցվել է 200 տոննա տարողությամբ խմելու ջրավազան, ինչը լրացուցիչ աղբյուր է այն դեպքում, երբ գիշերը ջրամատակարարումը դադարում է:

Ջրավազանի դերը կարեւոր է հատկապես ամռան տապ օրերին: Մանկատան 16 սաներ մասնակցում են թիավարման մարզումներին: Ամռանը երեխաներն այդ մարզումներն անցկացնում են Արտաշատի արհեստական լճում: Սաներից երեքը մասնակցել են Ուկրաինայում կայացած թիավարման մրցումներին եւ արժանացել խրախուսանքի: Փետրվարի 17-ին սաները եւ թիավար մարզիչները մեկնեցին ԱՄՆ՝ մասնակցելու այնտեղ կայանալիք մրցումներին:

Նախորդ տարի չորս երեխա եւ մանկատան երկու աշխատակից մասնակցել են Եկատերինբուրգում կայացած հաշմանդամների միջազգային համաժողովին: Տնօրենը նշեց նաեւ, որ նոր մասնաշենքի կառուցումով զգալիորեն թեթեւացել է մանկատան գերբեռնվածությունը: Մասնաշենքում գործում են հոգեբանների, տարբեր մասնագետների աշխատասենյակներ, վերականգնողական կենտրոնը:

Այստեղ են գտնվում նաեւ մանկավարժական համալսարանի էրգոթերապիայի սենյակները, որտեղ ուսանողներն անցկացնում են իրենց փորձառությունը: Մանկատունը, որտեղ ապրում եւ վերականգնողական համապատասխան բուժում են ստանում 220 երեխաներ՝ երբեք չի դոփում տեղում: Արվում է ամեն բան, որպեսզի աշխատակիցները յուրացնեն համաշխարհային վաղուց կուտակված փորձը, եւ ավելացնեն մասնագիտական կարողությունները: Այսօր մանկատունը դարձել է մայրական եւ հայրական ջերմ օջախ, որտեղ ծնողների փոխարեն երեխաներին գուրգուրում եւ փայփայում է մի ողջ կոլեկտիվ:

Լիլիթ Մաճկալյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում