Արարատի մարզի եզդիները նշեցին Խդրնավին
4 րոպեի ընթերցում

ԱՐՏԱՇԱՏ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եզդիների հոգեւոր տոներից մեկը` Խդրնավին, որն այս տարի եզդի ժողովուրը նշում է փետրվարի 16-ին, իրենց իսկ խոսքերով իրենք նմանեցնում են հայերի Սբ Սարգիս եւ Տեառնընդառաջ տոներին:
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում եզդիների առաջնորդ Բրո Հասանյանը մեկնաբանեց. քանի եզդիները մշտապես քոչվոր կյանք են վարել, ուստի անկողինը նրանց համար պաշտամունք է, եւ օջախի խորհուրդն ունի: Ըստ նրանց հավատալիքների` միմյանց վրա դասավորված անկողինների /որոնցից կա յուրաքանչյուր եզդի բնակչի տանը` վերեւում նստած է իրենց սուրբը` օջախի պահապան հրեշտակը: Խդրնավիի տոնը հենց այդ խորհուրդն ունի:
Ըստ կարգի` եզդիները տոնից առաջ երեք օր ծոմ են պահում: Իսկ ուրբաթ առավոտյան` մինչ արեւի ծագելը նորապսակները երեք անգամ թռնում են խարույկի վրայով, որպեսզի կրակով սրբագործված դիմավորեն արեւածագը: Երիտասարդները բուն տոնի երեկոյան աղի բլիթ են ուտում, որպեսզի երազում տեսնեն իրենց ընտրյալին: Մեծահասակները տոնը սկսելուց առաջ այցելում են սգավորներին, իրենց զորակցությունը հայտնելու, սրտերը շահելու նպատակով: Այսօր հաշտվում են նաեւ տարվա ընթացքում գժտված եւ միմյանցից խռովածները: Տոնի օրը եզդիներն այցելում են հանգուցյալներին, որտեղ իրենց առաջնորդը կարդում է Շեյխադի հոգեւոր ասմունքը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Արարատի մարզում Խդրնավի սրբին նվիրված տոնին այս անգամ մարդաշատ էր Այգեպատ համայնքի Շավո Սմոյանի բնակարանը: Բոլորը հավաքվել էին գերդաստանի նահապետի տանը: Նրանց շնորհավորելու էին եկել համագյուղացի հայերը, գյուղապետարանի աշխատողները՝ գյուղապետ Սերյոժա Պետրոսյանի ուղեկցությամբ: Գյուղապետը շնորհավորելով եզդի բնակիչներին, փոխանցեց նաեւ մարզի ղեկավար Արամայիս Գրիգորյանի շնորհավորանքն ու ջերմ մաղթանքները:
Գյուղապետը անդրադարձ կատարեց պատմական անցյալ, երբ եզդիները հայերի հետ ենթարկվեցին ցեղասպանության, եւ Հայաստանը դարձավ նրանց հայրենիքը: Խոսելով Սարդարապատի հերոսամարտում Ջահանգիր աղայի հերոսական մարտերի, նրա եւ Անդրանիկ Օզանյանի մտերմության մասին, գյուղապետն ընդգծեց նաեւ արցախյան պատերազմում մեր եզդի եղբայրների հակառակորդին ահազդու ջարդ տալու մասին: Նա նաեւ նշեց մեր օրերում անասնապահության, գյուղատնտեսության զարգացման մեջ եզդիների մեծագույն ներդրումը:
Շավո Սմոյանը շնորհակալություն հայտնեց համայնքապետին, մարզային կառույցի ղեկավարներին իրենց նկատմամբ մշտական ուշադրություն դրսեւորելու համար՝ ասելով, որ հարկ եղած դեպքում իրենք պատրաստ ենք զենք վերցնելու հայրենիքի՝ Հայաստանի պաշտպանության համար: Տոնակատարության ընթացքում երիտասարդները հանդես եկան ազգային երգերով ու պարերով:
Ապա, շեյխը գերդաստանի մի քանի անդամների հետ այցելեց մարզի մյուս համայնքներում բնակվող իրենց հարազատներին:Արարատի մարզում եզդիները բնակվում են բոլոր 97 համայնքներում: Ամենաշատը եզդիներով են բնակեցված մարզի Վերին Արտաշատ, Ոստան, Տափերական, Գետազատ, Այգեպատ, Բուրաստան համայնքները: Սակայն, վերջին տարիներին նրանց թիվը մարզում զգալիորեն նվազել է` կապված արտագաղթի հետ: Եզդիները մշտապես տոնում են իրենց ազգային եւ հոգեւոր տոները` Եզիդի տոնը, Շամսին, Խդրնավին: Առաջիկայում` մարտին նրանք կտոնեն նաեւ Բահարը:
Լիլիթ Մաճկալյան