Արմեն Սարգսյանը Գյումրիում էր. գյումրեցիները ջերմությամբ ու հուզմունքով էին հիշում նրա այցը 21 տարի առաջ

4 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից ՀՀ նախագահի թեկնածուի պաշտոնում առաջարկված Արմեն Սարգսյանը փետրվարի 12-ին այցելեց Գյումրի:

Գյումրիում Արմեն Սարգսյանի առաջին կանգառը Սբ Աստվածածին (Յոթվերք) եկեղեցին էր. աղոթքն առ Աստված հնչեցնելուց հետո, հենց եկեղեցու մուտքի մոտ լսեց թոշակառուներից մեկի՝ 80-ամյա Լեւուշ Նահապետյանի խնդիրը՝ թոշակների հետ կապված: Եկեղեցու մոտ հավաքված գյումրեցիներից շատերը, տեսնելով Արմեն Սարգսյանին, հիշում էին 21 տարի առաջ նրա՝ որպես վարչապետ Գյումրի կատարած այցը: Այդ տարիները նաև Արմեն Սարգսյանի հիշողությունից չեն ջնջվել: Հենց եկեղեցու մոտ, լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ անկեղծացավ թեկնածուն: «Ես եկել եմ Գյումրի, որպեսզի տեսնեմ ու լսեմ: ՀՀ նախագահի հետ հաջորդ հանդիպմանը պետք է քննարկենք հանրապետության նախագահի կողմից ինձ արված առաջարկը, որը որպես անհատ մեծ պատիվ է, բայց պատիվից այն կողմ, կա պատասխանատվություն: Ինչքան էլ նախագահի լիազորությունները սահմանափակ լինեն, այնուամենայնիվ, նախագահը մեծ լիազորություններ ունի՝ ոչ վարչական, այլ՝ լինելով հանրապետության նախագահ, և ես այդ պարտականությունը շատ լուրջ եմ ընդունում: Ես խնդրեցի ՀՀ նախագահին, որպեսզի ինձ առիթ տրվի քննարկել, մտածել և ծրագրել»,-իր խոսքում նշեց Արմեն Սարգսյանը:

Լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ Արմեն Սարգսյանը նաև անդրադարձավ Շիրակի մարզի խնդիրներին: «Ես գիտակցում եմ Շիրակի մարզի դժվարությունները և միշտ ցավով եմ գիտակցել դրանք: 1988 թվականի ավերիչ երկրաշարժից հետո Արցախի համար սկսած մեր պայքարն ինչ-որ իմաստով ստիպեց մեզ մոռանալ Գյումրին: Սա հսկայական ցավ է: 1996 թվականին երբ եկա Գյումրի որպես վարչապետ, սպասում էի, որ գյումրեցիները դառնացած պետք է դիմավորեն ինձ: Ամեն ինչի պատրաստ էի, բայց ընդունեցին ջերմությամբ, նույնիսկ տնակներ ուղեկցեցին ու հյուրասիրեցին, գյումրեցու մեծահոգության մասին է սա խոսում, սա ես երբեք մոռանալ չեմ կարող: Այս տարիների ընթացքում ես հաճախ եմ եկել Գյումրի, բայց դուք սրա մասին չեք իմացել»,-նշեց Արմեն Սարգսյանը՝ հավելելով. «Եթե նախագահ չընտրվեմ, միևնույն է՝ Գյումրին իմ սրտի մեջ տեղ ունի և շարունակելու եմ օգնել, թեև դա մեկ հոգու գործ չէ»:

Արմեն Սարգսյանը խոսել է նաեւ երկրում առկա խնդիրներից: «Մեզ համար Հայաստանից մարդկանց արտահոսքը շատ մեծ խնդիր է, նաեւ դեմոգրաֆիան, շրջաններից գալիս կենտրոնանում են Երեւանում, չնայած շրջաններում մարդիկ փայլուն են: Երկրի հարստությունը պետք է բաշխենք հավասարաչափ, բայց դա մի օրվա աշխատանք չէ, բայց անպայման պետք է հասնենք դրան»,- ասաց նա:

Թեկնածուի հաջորդ կանգառը Երևանի պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղն էր: Այստեղ ևս հիշեցին 1996 թվականի այցը, երբ Արմեն Սարգսյանը, տեսնելով Գյումրիում տնակային ավաններն ու շփվելով հարազատներին կորցրած մարդկանց հետ, հազիվ էր զսպում իր հուզմունքը: Այցի շրջանակներում Արմեն Սարգսյանը եղավ նաև Գյումրու թիվ 21 Օյունջյան վարժարանում: Այստեղ ևս կարճ հանդիպում էր մանկավարժական հանրույթի հետ: Ավելի ուշ, Գյումրու քաղաքային կենցաղի ու ժողովրդական ճարտարապետության թանգարանում ավելի երկար քննարկում տեղի ունեցավ քաղաքի մտավորականության հետ: Արմեն Սարգսյանը լսեց բոլորի խնդիրներն ու կարծիքները նաև առաջարկները՝ ՀՀ նախագահ ընտրվելու դեպքում այդ խնդիրները վերացնելու ուղղությամբ: Այցի ընթացքում հանդիպում տեղի ունեցավ նաև գյումրեցի վարպետների հետ: Խնդիրներ ներկայացրեցին նաև գյումրեցի դարբիններն ու շինարարները:

Արմեն Սարգսյանը Գյումրիում շրջեց, առանց մարզային ու քաղաքային իշխանությունների ուղեկցության՝ փաստելով, որ դրա կարիքը չկա, իսկ այցի մասին տպավորությունները Շիրակի մարզպետի հետ խոստացավ կիսել միայն հանդիպումներից հետո:

Արմենուհի Մխոյան

Հայերեն Русский

Սանդրո Պերկովիչը հեռանում է «Նոա»-ի գլխավոր մարզչի պաշտոնից

Yerevan Fashion Week-ը վերադառնում է չորրորդ անգամ՝ այս տարի ավելի ընդլայնված ծրագրով․ այն կանցկացվի հոկտեմբերի 9-11-ը

Թրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումը

Ֆրանսիայի վարչապետը հանձնարարել է ստեղծել հաքերային հարձակումներից պաշտպանության ստորաբաժանում

Շվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթի մի շարք միջոցառումների

Հայաստանի մի շարք քաղաքներում կանցկացվի «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը

Ինժեներական աշխատանքները զինված ուժերում ընթանում են անընդհատ ռեժիմով. Սուրեն Պապիկյան

Հութիները հայտնել են, որ մեկ ամսվա ընթացքում խոչընդոտել են 48 սաուդական տանկերների երթևեկությանը

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ