ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ձմեռային 23-րդ Օլիմպիական խաղերի ֆավորիտ համարվում է Նորվեգիայի հավաքականը:«Արմենպրես»-ի հաղորդմամբ` բուքմեյքերների կարծիքով՝ Օլիմպիական խաղերում ամենաշատ մեդալների հավաքածու կնվաճեն նորվեգացիները (1,70 գործակից): Մեդալների ոչ պաշտոնական հաշվարկում երկրորդը ըստ բուքմեյքերների կլինեն գերմանացիները (2,2 գործակից), իսկ եռյակը կեզրափակի ԱՄՆ-ի թիմը (8 գործակից):
Օլիմպիական խաղերի մեդալների առաջին հավաքածուները կխաղարկվեն փետրվարի 10-ին: Կլինի մեդալների 5 հավաքածուների խաղարկություն:
Օլիմպիական խաղերի 16 օրերի ընթացքում կխաղարկվեն մեդալների 102 հավաքածուներ 15 մարզաձևերում: «Սպիտակ խաղերի» պատմության մեջ առաջին անգամ է, որ խաղարկվում է մեդալների 100-ից ավելի հավաքածու: Ձմեռային խաղերում ամենաշատ մեդալների հավաքածուներ կխաղարկվեն դահուկավազքում (14): Խաղերին մասնակցում են ձմեռային խաղերի համար ռեկորդային շատ մարզիկներ` 2952 մարզիկ աշխարհի 92 երկրից: Այս տարի ամենաշատ մասնակից Խաղերում ունի ԱՄՆ-ը` 242 մարզիկ: Հարավային Կորեայում երկրորդ անգամ են անցկացնում Օլիմպիական խաղերը: 1988 թվականին Սեուլում կայացան 24-րդ ամառային Օլիմպիական խաղերը: Խաղերի փակման պաշտոնական արարողությունը կկայանա փետրվարի 25-ին: