Գեղարքունիքում գրանցվել է գյուղատնտեսական համախառն արտադրանքի աճ
2 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզպետարանում ամփոփվել են 2017 թվականի գյուղատնտեսական տարվա արդյունքները:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Համբարձում Համբարձումյանը, մարզի գյուղատնտեսության ոլորտում 2017 թվականին «Գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության» ծրագրի շրջանակներում մարզի թվով 25 համայնքներ ձեռք են բերել գյուղատնտեսական տեխնիկա եւ գյուղգործիքներ, 14 համայնքներում կառուցվել է 69 կմ. ջրագիծ, 35 հատ խմոց, 5 փարախ, 4 հովվի տնակ:
16 համայնքների արոտօգտագործողների սպառողական կոոպերատիվներին տրամադրվել է 200 միավոր գյուղտեխնիկա` 42 անիվավոր տրակտոր, 158 միավոր այլ գյուղգործիքներ: 25 համայնքի համար ավարտվել են կերահանդակների քարտեզագրման եւ արածեցման սխեմաների մշակման աշխատանքները: 28 համայնքներում հիմնադրվել են «Համայնքի արոտօգտագործողների միավորում» սպառողական կոոպերատիվներ: Ֆինանսական վարձակալության լիզինգի պետական աջակցության ծրագրի շրջանակներում 2 իրավաբանական եւ 9 ֆիզիկական անձինք ձեռք են բերել 12 տրակտոր, 1 հացահատիկահավաք կոմբայն եւ 8 գյուղգործիքներ:
2017 թվականին պետական աջակցությամբ մարզի գյուղացիական տնտեսություններին հատկացվել է 4965.7 տոննա ազոտական , 41.1 տոննա ֆոսֆորական եւ 69.45 տոննա կալիումական պարարտանյութեր, 663724 լիտր դիզելային վառելանյութ , որից օգտվել են 2180 շահառու: «Անցած գյուղատնտեսական տարում ստացված համախառն բերքը կազմել է՝ հացահատիկ՝ 44639 տոննա, կարտոֆիլ՝ 213884 տոննա, բանջարեղեն՝ 38754 տոննա, պտուղ՝ 12664 տոննա:
Մարզում անասնաբուծական հիմնական մթերքների 2017 թվականի արտադրության ցուցանիշները հետեւյալն են՝ միս՝ 31 հազար տոննա, կաթ՝ 142 հազար տոննա, ձու՝ 70 մլն. հատ: Այսպիսով, բուսաբուծական եւ անասնապահական մթերքների իրացումից ստացված համախառն արտադրանքը կազմել է 160 մլրդ. դրամ՝ 2016 թվականի 153 մլրդ. դրամի դիմաց, իսկ աճը կազմել է 7 մլրդ. դրամ»,-հավաստեց վարչության պետը:
Խոսրով Խլղաթյան