Վերին Գետաշենի միջնակարգ դպրոցում աղետի պատճառով դասերը չեն ընդհատվել
2 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն գյուղում նախորդ հինգշաբթի օրը գրանցված պտտահողմի արդյունքում էականորեն վնասվել էին թիվ 1 միջնակարգ դպրոցի տանիքը եւ պատուհանները, որոնց վերականգման ուղղությամբ այս պահին տարվում են համապատասխան աշխատանքներ, սակայն այդ ընթացքում ուսումնական պարապմունքները դպրոցում չեն ընդհատվել:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Վերին Գետաշենի թիվ 1 միջնակարգ դպրոցի տնօրեն Վոլոդյա Գասպարյանը, մեկ շաբաթվա ընթացքում արդեն դպրոցի տնտեսված միջոցների հաշվին փոխվել են վնասված 2 պատուհան եւ եւս 2 պատուհանի ապակիներ, տարածքից հավաքվել են տապալված տանիքի փայտյա եւ թիթեղյա մասերը: «Վնասվել էին 1 մասնաշենքի տանիք ամբողջովին եւ երկուսը՝ մասնակի՝ մոտ 600 քառակուսի մետր մակերեսով եւ մոտ 120 քառակուսի մետր մակերեսով պատուհաններ:
Այս պահի դրությամբ միջոցներ չլինելու պատճառով առայժմ չենք կարողանում վերականգնել մարզադահլիճի վնասված պատուհանները եւ մասնաշենքերի տանիքները: Սակայն աղետի պատճառով մեզ մոտ դասերն ընդհատվել են միայն նախորդ շաբաթվա առաջին երկու օրերին, իսկ այս շաբաթ լիարժեք անցկացվել են պարապմունքները: Վնասը վերականգնելու համար մեծ միջոցներ են հարկավոր, իսկ ամենակարեւորը համարում ենք հնարավորինս արագ վերականգնումը, քանի դեռ չեն սկսվել առատ տեղումները, ինչի դեպքում արդեն վնասները կավելան մասնաշենքերի ներսում»,-նշեց դպրոցի տնօրենը:
Պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին՝ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Զոհրաբյանը նշեց, որ փետրվարի 8-ի դրությամբ արդեն դպրոցի վնասների վերականգնման նախագիծը պատրաստ է, իսկ հարցը՝ ներկայացված կառավարության քննարկմանը: «Արվելու է հնարավորը, որպեսզի նախատեսված ընթացակարգերով անցնելուց եւ համապատասխան միջոցներ գտնելուց հետո խնդիրը լուծվի ամենասեղմ ժամկետներում»,-ներկայացրեց քաղաքաշինության վարչության պետը:
Խոսրով Խլղաթյան