Լեհական հայտնի ընկերությունն իր ներկայացուցչությունը կունենա Գյումրիում
3 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը փետրվարի 7-ին ընդունեց Լեհաստանում ՀԶՀ պաշտոնական ներկայացուցիչ, «Blue Idea» ընկերության նախագահ Լուկաշ Վալերյայի գլխավորած պատվիրակությանը:
Մինչ քաղաքապետի հետ հանդիպումը՝ Լուկաշ Վալերյան լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտարարեց Գյումրիում նոր ծրագրի մեկնարկի մասին, համաձայն որի՝ ՀԶՀ ներկայացուցիչը լեհական ՏՏ ընկերությունների պատվերները կհավաքագրի և կփոխանցի Գյումրիի Տեխնոլոգիական կենտրոնի մասնագետներին ու ստարտափերին։ Լուկաշ Վալերյան նշեց, որ պատվերները հիմնականում կառնչվեն Big Data, Software, Web Design և այլ տեխնոլոգիական խնդիրների։
«Blue Idea» ընկերությունը լեհական շուկայի համար արդեն մշակել է մարքեթինգի եւ PR ռազմավարություն՝ Հայաստանի տնտեսական ներուժը և այս նախաձեռնությունը ներկայացնելու համար: Քաղաքապետ Սամվել Բալասանյանը, ողջունելով ներկաներին, կարևորեց նոր ներդրումներն ու համագործակցությունը, ապա խոսեց Գյումրիի ունեցած հնարավորություններից ՏՏ ոլորտում:
«Լեհաստանում զարգանում է ՏՏ ոլորտը և երկրում ծրագրավորողների ու մասնագետների պակաս կա։ Ես, որպես ՀԶՀ պաշտոնական ներկայացուցիչ և իմ ղեկավարած «Blue Idea» ընկերությունը, որպես միջանկյալ օղակ, թիմ, հավաքագրելու ենք լեհական ՏՏ ընկերությունների նախագծերը և, որպես պատվերներ, փոխանցելու ենք Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնում գործող բարձրակարգ մասնագետներին»,- նշել է Լեհաստանում ՀԶՀ պաշտոնական ներկայացուցիչ, «Blue Idea» ընկերության նախագահ Լուկաշ Վալերյան։
Ավելի ուշ հյուրերին ընդունեց նաև Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը: Նա կարևորեց միջազգային կազմակերպությունների, ձեռնարկությունների հետ համագործակցությունը. «Մենք շատ կարևորում ենք այսպիսի համագործակցույթունը երեք պատճառներով. նախ, որ դա առաջավոր փորձի ընդօրինակման ու յուրացման հնարավորություն է տալիս, երկրորդը` նոր շուկաներ դուրս գալու հնարավորությունն է մեծացնում, երրորդը` լրացուցիչ ֆինանսական հնարավորություններ են ընձեռում: Գիտելիքի դարաշրջանում միայն նորարարության վրա հիմնված տնտեսությունը կարող է մրցունակ լինել, այնպես որ մենք միայն ուրախ կլինենք, որ ձեր փորձը Գյումրի բերվի, զարգացման միտումներն առավել արագ կընթանան»,-նշեց մարզպետը:
Արմենուհի Մխոյան