Պտտահողմը վնասներ է պատճառել Վերին Գետաշենի թիվ 1 միջնակարգ դպրոցի շենքին
3 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերին Գետաշենի թիվ 1 միջնակարգ դպրոցի տարածքում առավոտյան վայրկյանների ընթացքում ավերիչ ուժգնության պտտահողմը պոկել է դպրոցի տանիքի առանձին մասնաշենքերի տանիքը եւ թիթեղները , կոտրել պատուհանների ապակիներ, վնասել դպրոցի բակում կայանված երկու ավտոմեքենա:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Վերին Գետաշենի թիվ 1 միջնակարգ դպրոցի տնօրեն Վոլոդյա Գասպարյանը, դպրոցի 230 աշակերտներն անմիջապես տարհանվել են: « Ժամը 9 անց 35-ի սահմաններում, բացառապես մի քանի վայրկյանների ընթացքում դպրոցի տարածք ներխուժած պտտահողմը 3 մասնաշենքի ձեռնահարկերը պոկեց, բակ նետեց: Վնասվել են դպրոցի մարզադահլիճի, համակարգչային դասասենյակի եւ տնօրենի աշխատասենյակի պատուհանները, ջեռուցման համակարգի մարտկոցներ:
Բարեբախտաբար, ոչ մի երեխայի վնաս չի եղել»,- տեղեկացրեց Վոլոդյա Գասպարյանը:Ահազանգից հետո դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության եւ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության աշխատակիցները: «Ամբողջությամբ վնասվել է մի մասնաշենքի տանիքը, մասնակիորեն՝ 2 մասնաշենքի պատուհանները եւ ազբոշիֆերյա ծածկույթի մի մասը:
Համայնքապետարանում ստեղծված հանձնաժողովը տեղում աշխատում է, ճշգրտում են վնասի չափերը: Վերջնական արդյունքները հանձնաժողովի ստորագրությամբ կներկայացվի համապատասխան մարմիններին՝ հետագա գործառույթները կազմակերպելու համար» - նշեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետի տեղակալ Խաչիկ Բուդումյանը: Օրվա ընթացքում սահմանազատման աշխատանքներ են իրականացրել փրկարարները: Աշխատանքների զգալի մաս էլ բաժին է հասնում շինարարներին:
« Սահմանափակում ենք տվյալ տարածքի մուտքը եւ ելքը, իսկ որ հատվածը վտանգ է ներկայացնում, մեր հնարավորությունների եւ գործառույթների սահմաններում կատարում ենք ապամոնտաժում»- տեղեկացրեց ՀՀ ԱԻՆ ԳՄՓՎ Մարտունու հրշեջ փրկարարական ջոկատի ղեկավար Արթուր Ալեքսանյանը: Ըստ Վերին Գետաշենի թիվ 1 միջնակարգ դպրոցի տնօրենի՝ դպրոցում դասերը դադարեցվել են նաեւ փետրվարի 2-ին՝ հաշվի առնելով տանիքների վնասված հատվածների վտանգավորության աստիճանը:
«Եթե հանգստյան օրերին հասցնենք վնասազերծել տանիքներից կախված, վնասված, ամեն վայրկյան պոկվել-ցած ընկնելու պատրաստ թիթեղները, ապա երկուշաբթի օրը դասերը կվերսկսենք»,-հավաստեց դպրոցի տնօրենը: Նախնական հաշվարկներով՝ պտտահողմից վնասվել է ավելի քան 800 քառակուսի մետր մակերեսով տանիք, մատ 150 քառակուսի մետր մակերեսով պատուհանների ապակիներ:
Խոսրով Խլղաթյան