Հասարակական

Սեւանա լճի սառցակալմանը նպաստող պայմաններ առայժմ չկան

2 րոպեի ընթերցում

Սեւանա լճի սառցակալմանը նպաստող պայմաններ առայժմ չկան

ԳԱՎԱՌ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2018 թվականի հունվարի 31-ի դրությամբ Սեւանա լիճը սառցակալման նշաններ ցույց չի տալիս, ի տարբերություն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի, երբ այն սառցակալած մնաց մոտ մեկուկես ամիս:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Համբարձում Համբարձումյանը, Սեւանա լճի սառցակալման համար թե օդի ջերմաստիճանը, թե ձյան աննշան քանակությունը բավարար չեն:

«Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումների համաձայն՝ օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին դրական է, իսկ գիշերային ժամերին հասնելու է մինչեւ -5-6 աստիճանի, մինչդեռ լճի սառցակալման համար հարկավոր են շատ ավելի խիստ սառնամանիքներ ու ձյան առատ տեղումներ, որոնք, այսպես ասած, մերան կհանդիսանան սառույցի շերտի ձեւավորման ու ամրապնդման համար:

Եթե փետրվարի ընթացքում էլ ջերմային ցածր ռեժիմ ու ձյան տեղումներ չգրանցվեն, ապա այս ձմռան ընթացքում Սեւանի սառցակալումը կբացառվի: Նախորդ տարի այն 40 օրից ավելի տեւեց, ինչից առավելապես տուժեցին վայրի ջրլող թռչունները»,-նշեց վարչության պետը: ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայության կողմից տրամադրված տեղեկության համաձայն՝ 2018 թվականի հունվարի 31-ին Սեւանա լիճը ծովի մակարդակից գտնվել է 1900 մետր 42 սանտիմետր բարձրության վրա, ինչը 3 սանտիմետրով պակաս է նախորդ տարվա նույն օրվա նիշից: Սեւան թափվող գետերը գտնվում են ձմռան սակավաջուր փուլում:

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում