ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց հավաքականը հունվարի 28-ին ավարտում է մրցաշրջան 2018-ում առաջին ուսումնամարզական հավաքը Ծաղկաձորում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է ՀԱՕԿ-ը: «Այս հավաքին հիմնական ուշադրություն դարձնում ենք մարզիկների ֆիզիկական պատրաստվածության եւ ֆունկցիոնալ հնարավորությունների՝ ուժային եւ արագաուժային, բարձրացման վրա: Բայց չենք մոռանում նաեւ դասական վարժությունները: Հավաքը ծառայեց նպատակին: Տղաներ կային, որոնք վիրահատությունների եւ այլ պատճառներով հեռու էին անհրաժեշտ մարզավիճակից եւ այստեղ արդեն հասել են իրենց մարզավիճակի գրեթե 80 տոկոսին»,-ասել է ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը:
Խոսելով Եվրոպայի առաջիկա առաջնության մասին Ալավերդյանը մասնավորապես փաստել է. «Եթե չմասնակցենք Եվրոպայի առաջնությանը, հարկադրված կլինենք ուրիշ մրցումների մեկնել, որոնք միջազգային ֆեդերացիայի օրացուցային պլանում չեն: Մեզ դա թույլ տալիս են, որպեսզի մեր ծանրորդներն իրենց ֆիզիկական որակները պահպանեն, մարզավիճակ ձեռք բերեն եւ աշնանը մասնակցեն աշխարհի առաջնությանը, որն այս տարվանից օլիմպիական վարկանիշային կարգավիճակ ունի»:
Ծանրամարտի տղամարդկանց հավաքականը փետրվարի 5-20-n ուսումնամարզական հավաք կանցկացնի Երևանում: