Գառնիկ Իսագուլյանը Արմեն Սարգսյանին ՀՀ նախագահի լավագույն թեկնածու է համարում
1 րոպեի ընթերցում
![Գառնիկ Իսագուլյանը Արմեն Սարգսյանին ՀՀ նախագահի լավագույն թեկնածու է համարում](http://armenpress.am/resized/480/static/news/b/2018/01/920268.jpg)
ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արմեն Սարգսյանն այն լավագույն և եզակի թեկնածուներից մեկն է, ով կարող էր առաջադրվել նախագահի պաշտոնում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հունվարի 25-ին լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ, ՀՀ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը:
«Արմեն Սարգսյանին ճանաչում եմ 1977 թվականից, երբ ընդունվեցի Երևանի Պետական Համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը, որտեղ նա արդեն աշխատում էր որպես դասախոս: Արմեն Սարգսյանը շատ լավ ու բարի հատկանիշներ ունեցող մարդ է: Որպես մարդ, ով երկար տարիներ ճանաչում է Արմեն Սարգսյանին, համարում եմ, որ նա լավագույն թեկնածուներից մեկն էր, ով կարող էր առաջադրվել: Շատ ուրախ եմ, որ Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը առաջադրել է նրա թեկնածությունը»,- նշեց Իսագուլյանը: