Հասարակական

Շիրակում հայտնաբերվել և դպրոց է ուղարկվել հանրակրթությունից դուրս մնացած 14 երեխա

2 րոպեի ընթերցում

Շիրակում հայտնաբերվել և դպրոց է ուղարկվել հանրակրթությունից դուրս մնացած 14 երեխա

ԳՅՈՒՄՐԻ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակում կշարունակվեն հանրակրթությունից դուրս մնացած երեխաների հայտնաբերման և դպրոց վերադարձնելու ուղղությամբ տարվող աշխատանքները: 2017 թվականին մարզում հայտնաբերվել և դպրոց է ուղարկվել 14 երեխա:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Շիրակի մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Լիլիթ Գորգինյանը՝ փաստելով, որ այդ երեխաները տարբեր պատճառներով են դուրս մնացել հանրակրթությունից: Հանրակրթությունից դուրս մնացած երեխաներին հայտնաբերելն այնքան էլ դյուրին գործ չէ, արձագանք ստանում են այն դեպքերը, որոնց մասին կա տեղեկություն: «Դպրոցը տեղյակ է պահում, մենք արձագանքում ենք:

Այս տարի ևս նման երեխաներին հայտնաբերելու նպատակով բոլոր համայնքներին հրահանգված է գտնել ու ներկայացնել դպրոց չհաճախող երեխաների տվյալները:

Այդ գործառույթը բավական բարդ է. կան ընտանիքներ, որոնք հեռացել են տվյալ համայնքից արտերկիր կամ հանրապետության այլ վայրեր, և ասել, թե այդ երեխան հանրակրթությունից դուրս է մնացել, դժվար է: Մարդկանց մտածողությունը բոլորովին տարբեր է, և այդ պատճառով յուրաքանչյուր երեխայի համար իրեն հատուկ մոտեցում է ցույց տրվում»,- նշեց Լիլիթ Գորգինյանը՝ հավելելով, որ հանրակրթությունից դուրս մնացած երեխաները հիմնականում դպրոց չեն հաճախում ծնողների պատճառով: «Ճիշտ է, սոցիալական խնդիր կա այս հարցի մեջ, բայց դա գերակա չէ: Շատ դեպքերում խնդիրը հենց ծնողների մեջ է՝ չեն ուզում, չեն թողնում երեխան դպրոց գնա: Հաճախ ծնողը չի ուզում իր երեխան 6 տարեկանից գնա դպրոց՝ պատճառաբանելով, որ փոքր է, և ինքն էլ դպրոց է գնացել 7 տարեկանից: Մեր համար ծիծաղելի այս հիմնավորումները գերակա են: Մենք պետք է հիմա աշխատանք տանենք այս ուղղությամբ: Շատ են նաև բնակության վայրի փոփոխությամբ պայմանավորված դեպքերը, կան նաև հիվանդության պատճառով դպրոց չհաճախող երեխաներ՝ հիմնականում այն համայնքներում որտեղ չկան ներառական կրթությամբ դպրոցներ: Ամեն դեպքում, եթե ծնողը կարևորի կրթությունը, ապա երեխան կրթության կստանա»,- հավելեց պատասխանատուն։

Արմենուհի Մխոյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում