Կինեմատոգրաֆիստների միության նախագահ Հարություն Խաչատրյանը հավակնոտ ծրագրեր ունի

7 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունում ստեղծվել են տարբեր գիլդիաներ, որոնք պաշտպանելու են կինոարտադրողների իրավունքները, նախատեսվում է միությունում կինոկրթական կառույց ստեղծել, քննարկումներ և առաջարկություններ իրականացնել «Կինոյի օրենքի» վերաբերյալ: Այս և այլ հարցերի շուրջ «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ Հարություն Խաչատրյանի հետ:

-Կինեմատոգրաֆիստների միության նախագահ ընտրվելիս, խոսելով առաջնահերթ անելիքների մասին, նշեցիք, որ սերտորեն աշխատելու եք կինոյի բնագավառի կառույցների` Կինոկենտրոնի, Հայաստանում գործող կինոփառատոնների գրասենյակների, ՀՀ մշակույթի նախարարության հետ: Արդեն համագործակցու՞մ եք այդ կառույցների հետ: Եթե այո, ապա ի՞նչ համատեղ ծրագրեր կամ նախագծեր են մշակվել:

-Երբ ստանձնեցի միության նախագահի պարտականությունները, հրավիրեցի բոլոր կինոփառատոնների տնօրեններին և առաջարկեցի ստեղծել մի գիլդիա կամ հանձնաժողով: Ամեն մի կինոփառատոն ունի մեծ խնդիրներ` ֆինանսական, մարդկային ռեսուրսների և այլն: Եթե միասին լինեն, լավ կաշխատեն, լավագույն ժամանակը և տեղը կընտրեն փառատոնների անցկացման համար, ճիշտ ծրագիր կկազմեն, որը չի կրկնվի, կօգնեն միմյանց տեխնիկայով: Նրանց գործն ավելի արդյունավետ ու մատչելի կդառնա: Հաճախ տարվա մի քանի ամիսներին ոչ մի փառատոն չի կազմակերպվում, իսկ հոկտեմբերին, նոյեմբերին դրանք շատ են: Նրանց ժամանակ ենք տվել մտածել ու հասկանալ` արդյոք համագործակցելու ցանկություն ունե՞ն: Կինեմատոգրաֆիստները բավականին ինքնաբավ մարդիկ են և ցանկանում են ամեն բան միայնակ հաղթահարել: Կինոմիությունը շուտով նրանց կտրամադրի դահլիճներ, որտեղ կկարողանան անցկացնել միջոցառումների որոշ մասը:

Աշխատում ենք նաև Կինոկենտրոնի և Մշակույթի նախարարության հետ: Կարևոր ձեռքբերում եմ համարում, որ նախարարության որոշմամբ` ֆիլմեր նկարելու համար նախատեսված ֆոնդի երեսուն տոկոսը հատկացվելու է միմիայն երիտասարդներին: Կարծում եմ` հայկական կինոյի պատմության մեջ դա մեծ առաջընթաց է, քանի որ երիտասարդները գրեթե միշտ ստվերում են եղել, և նրանց երկրորդ պլան են մղել:

Կինոմիությունը ստեղծել է նաև երիտասարդական հարթակ: Այն սկսնակ կինոգործիչներին հնարավորություն կտա մասնակցել վարպետության, գործնական դասերի, սցենարներ քննարկել, կինոնախագծեր իրականացնել:

-Կինեմատոգրաֆիստների միությունն արդեն իսկ մի քանի մասնագիտական գիլդիաներ է ստեղծել…

-Մասնագիտական համքարություններն իրենց ոլորտների խնդիրներն են ներկայացնում կինոմիությունում: Նրանք` օպերատորները, պրոդյուսերները, դերասանները, նկարիչները, ռեժիսորները և այլք, մեծ ուժ են: Նրանց մեծ մասը պաշտպանված չէ: Արվում է ամեն բան, որ նույն կանոններով խաղան: Գիլդիաները կսկսեն նաև ամենամյա մրցանակներ հանձնել իրենց ոլորտների լավագույններին: Բոլորը պաշտպանված կլինեն մեր միության հնարավորությունների սահմաններում: Գիլդիաներն իրենց հերթին կարող են դեր խաղալ կինոյի մասին օրենքը ճիշտ կառուցելու համար:

-Մի առիթով ասել եք, որ լրջությամբ եք վերաբերվում ընդունման սպասող «Կինոյի մասին» օրենքին: Ի՞նչ եք կարծում, այդ օրենքը, որը բավականին գայթակղիչ կարող է լինել արտասահմանցի կինոարտադրողների համար, նպաստ կբերի՞ հայկական կինոարտադրության զարգացմանը:

-Մի քիչ դժգոհ եմ, որ կինոյի օրենքի հետ կապված լիարժեք չենք հասկանում, թե ինչ է կատարվում: Միություն հրավիրեցինք մեր երկրում գործող բոլոր լուրջ կինոկազմակերպությունների ներկայացուցիչներին, օրենքի վերաբերյալ քննարկում անցկացրեցինք և մեր առաջարկությունները նամակով ուղարկեցինք Մշակույթի նախարարություն: Դեռ պատասխան չենք ստացել: Փարիզի կինոկենտրոնի «CNC» ընկերության ներկայացուցիչներն առաջարկում են գալ Հայաստան և իրենց հնարավորություններով օգնել օրենքի ճիշտ կառուցմանը:

Եթե շտապ օրենքներ ընդունենք և սխալվենք, երկար ժամանակ կպահանջվի դրանք ուղղելու համար:

Օրենքի մեջ մի քանի կետեր կան, մեկն այն մասին է, թե ինչ է ազգային կինոն, մյուսը` ինչպես ֆինանսավորել այն, հաջորդը` ֆինանսավորման մեխանիզմները, մյուսը վերաբերում է համատեղ արտադրությանը և այլն: Զարմանալին այն է, որ մենք, փոխանակ ոգևորվենք և մեծ ուշադրություն դարձնենք մեր կինոարտադրությանը, ամեն բան անում ենք, որ Հայաստանը վերածենք օտարների համար ծառայություններ մատուցող հրապարակի: Ըստ այդ օրենքի` արտասահմանցի կինոարտադրողները կարող են մեծ զեղչերով ու զիջումներով, գումարի որոշ չափի վերադարձով Հայաստանում ֆիլմեր նկարել: Եթե օտար կինոարտադրողը նման զեղչերի հնարավորություն ունի, ինչու՞ տեղացին էլ չունենա:

-Խոսեցիք երիտասարդ կինոարտադրողների մասին: Մեր երկրում շա՞տ են տաղանդավոր ստեղծագործողները:

-Հետաքրքիր երիտասարդները շատ են: «Տաղանդավոր» բառը հաճախ չէ, որ օգտագործում եմ, քանի որ այն բավականին վտանգավոր է: Կան շնորհալի մարդիկ, որոնք նկարել են կարճամետրաժ կինոնկարներ, կուրսային, դիպլոմային աշխատանքներ, որոնք ուշադրության են արժանի:

-Կխնդրեի անդրադառնալ ժամանակակից կինոկրթական կառույցի ստեղծմանը:

-Մենք ստեղծել ենք հանձնաժողով, որը զբաղվում է կինոկրթությամբ: Մանկավարժական համալսարանում, Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, Սլավոնական համալսարանում երիտասարդները կրթվում են: Բայց, կարծես, դա բավական չէ, որ նրանք կարողանան որպես մասնագետներ մուտք գործել կինոարվեստ: Կարծում եմ` բարձրագույն ռեժիսորական կուրսերն անհրաժեշտ են նորագույն կինոյին ծանոթացնելու, նախագծեր կազմելու համար: Այդտեղ, հավանաբար, ընդունվել կարող են կամ համալսարանական կրթություն ստացած անձինք, կամ դպրոցականները, որոնք կինոյի միջոցով կկրթվեն, կսկսեն լայն մտածել: Դեռ հստակ որոշված չէ: Ֆունկցիոնալ անգրագիտությունը, ցավալիորեն, սարսափելի չափերի է հասել մեր երկրում: Ոչ ոք չի հասկանում ենթատեքստերը, խորքային միտքը, ոչ ոք լուրջ, բարդ երևույթներ չի սիրում, փիլիսոփայություն չի սիրում, չի կարդում, լավ երաժշտություն չի լսում: Նախընտրում են կուլ տալ և մարսել անորակությունը, և վտանգավոր է դարձել մարդկանց չմտածելու ցանկությունը: Փորձում ենք որոշ չափով լուծել այդ խնդիրները:

Հարցազրույցը վարեց Անժելա Համբարձումյանը

Հայերեն Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն