Գյուլը հրաժարվել է պատասխանել Էրդողանի մեղադրանքներին
3 րոպեի ընթերցում
![Գյուլը հրաժարվել է պատասխանել Էրդողանի մեղադրանքներին](http://armenpress.am/resized/480/static/news/b/2018/01/918732.jpg)
ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլն ուրբաթօրյա աղոթքից հետո լրագրողների հետ զրույցում հրաժարվել է պատասխանել նախօրեին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ իր հասցեին հնչեցված հայտարարությանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Հաբերլեր»-ը:
«Նման հարցերով վիճաբանության մեջ մտնելն ինձ սազական չէ: Հետևաբար` ամեն բան պարզ է, բոլորը գիտեն մեկը մյուսին: Չեմ ցանկանում մտնել վիճաբանության մեջ»,- ասել է Գյուլը:
Մեկնաբանելով երկրում արտակարգ դրությունը կրկին երկարաձգելու մասին որոշման ընդունումը՝ նախկին նախագահը հույս է հայտնել, որ դա արվում է վերջին անգամ: Գյուլի համոզմամբ՝ եկել է ժամանակը, որպեսզի Թուրքիան վերադառնա ժողովրդավարական կարգերին և դա ի ցույց դնի ողջ աշխարհին:
Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության առջև ելույթի ժամանակ Էրդողանը հունվարի 9-ին բացասական է արտահայտվել նախկին նախագահի հասցեին:
«Նախկինում մեր կուսակցության հարկի տակ, իսկ այժմ դրսում գտնվող ոչ ոք իրավունք չունի մեր կուսակցության հետ կապված հայտարարություններ անել: Բոլորը բերանները բացելուց պետք է ուշադիր լինեն, թե որտեղ են եղել»,- հայտարարել է Էրդողանը:
Գյուլի հետ նրա տարաձայնությունները սկսվել են այն բանից հետո, ինչ նախկին նախագահը «խիստ մտահոգիչ» էր անվանել Էրդողանի ստորագրած օրենքը, որը ենթադրում է անձեռնմխելիություն սահմանել բոլոր այն քաղաքացիական անձանց համար, ովքեր ճնշել կամ բռնություն են գործադրել են հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձի մասնակիցների նկատմամբ: Էրդողանը Գյուլի այս հայտարարությունը «վշտացնող» էր անվանել, իսկ Գյուլը պատասխանել էր, որ դա «իմ պարտականությունն է»:
Ի պատասխան այս հայտարարության Թուրքիայի գործող նախագահ Էրդողանն ասել էր. «Մի դատական գործի շրջանակում միասին ենք ներգրավված եղել: Ինչպես է ստացվում, որ գնում եք և Քեմալի (հեղ.- ընդդիմադիր քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության առաջնորդն է) հետ նույն նավն եք նստում: Ցավալի է»: Իսկ Գյուլն իր հերթին ասել է. «Խոսքի ազատությունը մեր կուսակցության հիմնադրման սկզբունքներից է»: