Քաղաքականություն

Թուրքիան առաջարկել է Սոմալիում երկու տարով տեղակայել իր զինված ուժերին

2 րոպեի ընթերցում

Թուրքիան առաջարկել է Սոմալիում երկու տարով տեղակայել իր զինված ուժերին

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  Թուրքիայի զինված ուժերի որոշ ստորաբաժանումներ կարող են տեղակայվել Սոմալիում երկու տարի ժամկետով՝ անվտանգության միջոցառումներին և ահաբեկչության դեմ պայքարին աջակցելու համար։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու այդ առթիվ համապատասխան առաջարկ է ուղարկել խորհրդարան։

«Թուրքիայի և Սոմալիի միջև պաշտպանական համագործակցության համաձայնագրի շրջանակում նախագահի առաջարկն ուղարկվել է Թուրքիայի Ազգային մեծ ժողով՝ երկու տարի ժամկետով Սոմալիում տեղակայել թուրքական զինված ուժերի ստորաբաժանումներ՝ անվտանգության ապահովմանն ուղղված գործողություններին աջակցելու համար։ «Սոմալին ընդդեմ ահաբեկչության և այլ սպառնալիքների» վերնագրով Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահությանն ուղարկված փաստաթղթում, որը ստորագրել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, նշվում է, որ Թուրքիայի և Սոմալիի միջև առկա համաձայնագրերի շրջանակներում իրականացվում են ուսուցման, օգնության և խորհրդատվական աշխատանքներ, որոնք իրականացվում են Սոմալիում անվտանգությունն ու կայունությունն ապահովելու նպատակով»,-ասված է հաղորդագրության մեջ։

Փաստաթղթում նշվում է, որ Թուրքիայի զինված ուժերի ռազմածովային ստորաբաժանումներն արդյունավետորեն աջակցում են Ադենի ծոցում, Սոմալիի ափերի մոտ ծովային ավազակային հարձակման, զինված կողոպուտի և ծովային ահաբեկչության դեմ պայքարելու ջանքերին։ Այդ ամենն արվում է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կողմից 2009 թվականից տրված և 2024 թվականի հունվարի 17-ին մեկ տարով երկարաձգված թույլտվության շրջանակներում։

 

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում