Թուրքիայում BRICS-ին անդամակցության հայտ տալու կոչ են արել
2 րոպեի ընթերցում
![Թուրքիայում BRICS-ին անդամակցության հայտ տալու կոչ են արել](http://armenpress.am/resized/480/storage/images/articles/2024/07/22/TjsGJhpQnWE3F47S7EQCbb2NqsmexE486ILFChik.webp)
ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիան պետք է ավելի շուտ BRICS-ի անդամակցության հայտ ներկայացնի, որպեսզի ազատվի «Ատլանտիկայի գերիշխանությունից»: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է թուրքական Vatan («Հայրենիք») կուսակցության փոխնախագահ Հաքան Թոփքուրուլուն։
«Թուրքիան պետք է հնարավորինս շուտ BRICS-ի անդամակցության հայտ ներկայացնի: BRICS-ի միջոցով համաշխարհային արտաքին առևտրային համակարգը պետք է ազատվի Ատլանտիկայի գերիշխանությունից», - ասել է քաղաքական գործիչը։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն ավելի վաղ հայտարարել էր BRICS-ի անդամ դառնալու՝ երկրի մտադրության մասին։ Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը մասնակցել է Ռուսաստանում BRICS+ հանդիպմանը և հետագայում հայտարարել, որ Անկարան տեսել է կազմակերպության կարևորությունը։
Ռուսաստանն այս տարվա հունվարի 1-ից ստանձնել է BRICS-ի նախագահությունը։ Տարին սկսվել է կազմակերպությանը նոր անդամների միացմամբ. բացի Ռուսաստանի Դաշնությունից, Բրազիլիայից, Հնդկաստանից, Չինաստանից և Հարավաֆրիկյան Հանրապետությունից, այժմ նրա կազմի մեջ են մտնում Եգիպտոսը, Եթովպիան, Իրանը, Արաբական Միացյալ Էմիրությունները և Սաուդյան Արաբիան: