Ստամբուլում կրկին ահաբեկչություն նախապատրաստող խումբ է ձերբակալվել
1 րոպեի ընթերցում
![Ստամբուլում կրկին ահաբեկչություն նախապատրաստող խումբ է ձերբակալվել](http://armenpress.am/resized/480/static/news/b/2018/01/918262.jpg)
ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլի ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի աշխատակիցների կողմից 8 հասցեներում իրականացված միաժամանակյա հատուկ գործողությունների արդյունքում ձերբակալվել է 7 անձ:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
Ձերբակալվածները կասկածվում են ահաբեկչություն ծրագրելու և նախապատրաստելու մեջ:
Կասկածյալների կացարաններում իրականացված խուզարկության ժամանակ հայտնաբերվել է 2 ատրճանակ, 1 ինքնաձիգ, մեծ թվով փամփուշտ և ահաբեկչության կազմակերպման վերաբերյալ էլեկտրոնային նյութեր:
Նախնական տվյալների համաձայն` ձերբակալվածները ԻՊ ահաբեկչական խմբավորման անդամներ են:
«Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորումը ակտիվ գործունեություն է ծավալում Թուրքիայի տարածքում և մինչ օրս այստեղ իրականացրել է մոտ 15 հարձակում, բազմաթիվ հարձակումներ էլ նախապես կանխվել էին: