Տարածաշրջանային

Սահմանադրական հանրաքվե, միջպետական սկանդալներ, էրդողանական ագրեսիայի արտահանում ԱՄՆ. 2017-ը Թուրքիայում

10 րոպեի ընթերցում

 Սահմանադրական հանրաքվե, միջպետական սկանդալներ, էրդողանական ագրեսիայի արտահանում ԱՄՆ. 2017-ը Թուրքիայում

ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի համար անցնող տարին պատմական էր նրանով, որ անցկացված սահմանադրական հանրաքվեի արդյունքներով այդ երկրի նախագահ Էրդողանին ի վերջո հաջողվեց փոխել երկրի կառավարման ձևը՝ խորհրդարանականից անցում անելով նախագահական կառավարման համակարգի: Նման փոփոխությունը հնարավորություն կտա նրան առաջիկա տարիներին ավելի միանձնյա կառավարել երկիրն ու կենտրոնացնել բոլոր լծակներն իր ձեռքում: Այս և այլ իրադարձությունների վերհիշմամբ «Արմենպրես»-ը փորձել է առանձնացնել Թուրքիայում իրադարձություններով լեցուն տարվա ամենակարևոր և ուշագրավ դրվագները:

Ահաբեկչություն տարեմուտի գիշերը

Թուրքիայում տարին սկսվեց տարեմուտի գիշերը՝ հունվարի 1-ին Ստամբուլի գիշերային «Ռեյնա» ակումբում իրականացված հարձակմամբ: Ուզբեկստանի քաղաքացի Աբդուլքադիր Մասհարիպովը ինքնաձիգից կրակ էր բացել ակումբում գտնվողների ուղղությամբ: Արդյունքում զոհվել էր 39, վիրավորվել՝ 70 մարդ: Տուժածները 14 երկրի քաղաքացիներ էին: Ահաբեկչության պատասխանատվությունն իր վրա էր վերցրել «Իսլամական պետություն» խմբավորումը:

Ահաբեկչության հեղինակը ձերբակալվեց հունվարի 16-ին: Նրան սպառնում է ցմահ ազատազրկում:

Սահմանադրական հանրաքվեն

Թուրքիայում ապրիլի 16-ին տեղի ունեցավ սահմանադրական հանրաքվեն, որի 51,4 % կողմ և 48,59 % դեմ ձայների արդյունքում խորհրդարանական կառավարման համակարգից անցում կատարվեց նախագահական համակարգի: Հանրաքվեն միտված էր առաջիկա տարիներին երկրում իշխանությունն ավելի կենտրոնացնել Էրդողանի և նրա ղեկավարած «Արդարություն և զարգացում» կուսակցության ձեռքում: Այս փոփոխություններից հետո Էրդողանը կարող է իշխանության ղեկին մնալ մինչև 2029 թվականը:

Ընդհանուր առմամբ, փոխվելու է գործող սահմանադրության 18 հոդված: Սահմանադրական հանրաքվեով նախատեսվող հիմնական փոփոխությունները ուժի մեջ կմտնեն 2019 թվականից:

Նոր սահմանադրության որոշ դրույթներ, սակայն, սկսեցին գործել ընդունումից անմիջապես հետո: Մասնավորապես, խոսքը երկրի նախագահի՝ կուսակցական պատկանելություն ունենալու թույլտվության մասին է: Մայիսի 21-ին ԱԶԿ արտահերթ համագումարի ժամանակ Էրդողանը 33 ամսվա դադարից հետո կրկին վերադարձավ իշխող կուսակցության շարքերը:

Թեպետ սահմանադրական հանրաքվեից հետո թուրքական ընդդիմությունը հայտարարեց դրանց կեղծ լինելու մասին, իսկ գլխավոր ընդդիմադիր քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն նախաձեռնեց շուրջ մեկ ամիս տևած «Արդարության երթը», որը մեկնարկեց Անկարայից և ավարտվեց Ստամբուլում, սակայն հանրաքվեի արդյունքները մնացին անփոփոխ:

Սկանդալ նախարարների մասնակցությամբ

Անցնող տարին աչքի ընկավ թուրք նախարարների մասնակցությամբ միջպետական սկանդալներով: Եվրոպական մի շարք երկրներ, մասնավորապես Գերմանիան, Ավստրիան, Շվեյցարիան, Դանիան և Նիդերլանդներն արգելեցին թուրք նախարարների մուտքը երկիր: Թուրք քաղաքական գործիչները 2016 թվականի ռազմական հեղաշրջման տապալված փորձի 1-ին ամյակի կապակցությամբ մտադիր էին այցելել եվրոպական երկրներ և հանդիպումներ ունենալ տեղի թուրքական համայնքի ներկայացուցիչների հետ:

Նիդերլանդները, սակայն, մարտի 11-ին հետ կանչեց Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուին տեղափոխող ինքնաթիռի վայրէջքի թույլտվությունը: Նիդերլանդների կառավարությունը հայտնեց, որ նման քայլի են դիմել, քանի որ Չավուշօղլուի այցը Ռոտերդամ «ռիսկի տակ էր առնում հասարակական կարգն ու անվտանգությունը»: Միևնույն ժամանակ Նիդերլանդները թույլ չտվեց վայրէջք կատարել նաև Թուրքիայի ընտանիքի և սոցիալական հարցերով նախարարի ինքնաթիռին: Այն բանից հետո, ինչ նախարարը երկիր մտավ ցամաքային ճանապարհով, նրան «անցանկալի անձ» հայտարարեցին և արտաքսեցին երկրից:

Նիդերլանդների նման դիրքորոշմանը հաջորդեցին Գերմանիայի և Ավստրիայի կողմից թուրք նախարարների ելույթներն ու նրանց մասնակցությամբ միջոցառումների չեղարկումները: Մասնավորապես, Թուրքիայի նախագահ Էրդողանի ելույթներն արգելվեցին գերմանական այնպիսի քաղաքներում, ինչպիսիք էին Դորտմունդը, Օբերհաուզենը, Քյոլնը, Դյուսելդորֆը:

Պաշտոնական Անկարան, բնականաբար, շատ խիստ արձագանք տվեց կատարվածին՝ բողոքի նոտաներ հղելով և սպառնալով հարաբերությունների առկախմամբ:

Գերմանիան ի վերջո լքեց Ինջիրլիքի ռազմաբազան

Բունդեսթագի կողմից 2016 թվականին Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը հաջորդած թուրք-գերմանական հարաբերություններում առկա լարվածությունը այս տարի ևս շարունակվեց: Արդեն այս տարի Գերմանիայում թուրք քաղաքական գործիչների նախընտրական ելույթներն արգելելուց հետո լարվածությունը գագաթնակետին հասավ Ինջիրլիքի ռազմաբազա գերմանացի պատգամավորների այցելության հարցի շուրջ:

Պաշտոնական Անկարան կրկին արգելեց Գերմանիայի խորհրդարանական պատվիրակության այցը Ինջիրլիքում ծառայող գերմանացի զինծառայողներին: Ի պատասխան թուրքական կողմի նման որոշման՝ Բունդեսթագը հունիսի 22-ին պատգամավորների ձայների մեծամասնությամբ որոշում ընդունեց հետ կանչել իր զինվորներին Ինջիրլիքի ռազմաբազայից: Պատմության մեջ առաջին անգամ գերմանական բանակը իր զինվորներին դուրս բերեց ՆԱՏՕ-ի անդամ երկրի ռազմաբազայից և տեղափոխեց մեկ այլ՝ ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող երկրի՝ Հորդանանի ռազմաբազա: Վերջին գերմանացի զինվորներն արդեն սեպտեմբերին լքեցին Թուրքիան:

Աքշեների կողմից նոր կուսակցության հիմնումը

Թուրքիայի քաղաքական կյանքում անցնող տարին նշանավորվեց նոր քաղաքական ուժի ծնունդով. հայտնի թուրք քաղաքական գործիչ, պաշտպանության նախկին նախարար Մերալ Աքշեները հիմնեց «Լավ» կուսակցությունը: Ուշագրավ է, որ նախկինում «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ) անդամ Աքշեների կուսակցությանը սկսեցին միանալ հարյուրավոր նախկին ԱՇԿ-ականներ, ովքեր դժգոհ են ազգայնական կուսակցության ներկա քաղաքականությունից, մասնավորապես այն հանգամանքից, որ ԱՇԿ-ն սերտ համագործակցության մեջ է Էրդողանի ու նրա ղեկավարած քաղաքական ուժի հետ:

Ակնկալվում է, որ Աքշեները Թուրքիայի առաջիկա՝ 2019 թվականի նախագահական ընտրություններում լինելու է Էրդողանի հիմնական մրցակիցը:

Էրդողանական բռնապետության դրսևորում Վաշինգտոնում

Թուրքիայում մարդու հիմնարար իրավունքները և ազատությունները մշտապես ոտնահարող Էրդողանը անցնող տարում փորձ արեց իր «քաղաքականությունն արտահանել» Միացյալ Նահանգներ: Մասնավորապես, մայիսի 16-ին ողջ աշխարհն ականատես եղավ նրա, թե ինչպես Էրդողանի թիկնազորի անդամները հարձակվեցին և սկսեցին դաժանաբար ծեծի ենթարկել խաղաղ ցուցարարների, ովքեր հավաքվել էին Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանի կեցավայրի մոտ և բողոքում էին Էրդողանի վարած քաղաքականությունից:

Հարձակման հետևանքով մի քանի վիրավորներ, այդ թվում և հայեր, արնաշաղախ տեղափոխվեցին հիվանդանոց:

Հարձակման պահի տեսագրությունը փաստեց, որ ոչ միայն հարձակումն իրականացրածների շարքում էին նաև Էրդողանի անվտանգության աշխատակիցները: Ավելին, հենց Էրդողանն անձամբ է տալիս ցուցարարների վրա հարձակվելու հրահանգը:

Վաշինգտոնի քաղաքապետ Մուրիել Բոուսերը և ոստիկանապետ Փիթեր Նյուշեմը հունիսի 15-ին կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեցին, որ Էրդողանի կողմնակից խմբի 12 անդամի ձերբակալության հրաման է տրվել: Հարձակմանը մասնակից ԱՄՆ երկու թուրք քաղաքացի անմիջապես ձերբակալվեցին: Դեկտեմբերին կայացած դատական նիստի ժամանակ նրանք հայտարարեցին, որ ընդունում են իրենց դեմ ներկայացված մեղադրանքը:

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հունիսի 6-ին միաձայն ընդունեց թիվ 354 երկկուսակցական բանաձևը, որը դատապարտում է Էրդողանի թիկնապահների կողմից խաղաղ ցուցարարների դեմ բռնությունը և կոչ է անում օրինազանցներին ենթարկել քրեական պատասխանատվության և քայլեր ձեռնարկել նմանատիպ միջադեպերը բացառելու համար:

Աշխարհի ամենամեծ բանտը լրագրողների համար

Ինչպես նախորդ տարվա ընթացքում, այնպես էլ այս տարի Թուրքիայում չդադարեցին մարդու հիմնարար ազատությունների ու իրավունքների սահմանափակումները: Տարվա ընթացքում ձերբակալվեցին ինչպես տեղացի, այնպես էլ օտարերկրյա քաղաքացի տասնյակ լրագրողներ: Պատահական չէ, որ հեղինակավոր «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության 2017 թվականի մամուլի ազատության ինդեքսում Թուրքիան 179 երկրների շարքում զբաղեցրեց ընդամենը 155–րդ հորիզոնականը: Կազմակերպությունը երկիրը կրկին ճանաչեց որպես «ամենամեծ բանտը լրագրողների համար»:

Ամփոփեց Արաքս Կասյանը

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Տարածաշրջանային

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Թուրքիայում անտառային հրդեհի հետևանքով երեք մարդ է զոհվել

Թուրքիա

Թուրքիայում անտառային հրդեհի հետևանքով երեք մարդ է զոհվել

Սիրիայի նախագահն ասել է, թե ինչ պայմաններում է պատրաստ հանդիպել Թուրքիայի նախագահի հետ

Թուրքիա

Սիրիայի նախագահն ասել է, թե ինչ պայմաններում է պատրաստ հանդիպել Թուրքիայի նախագահի հետ

Թուրքիայում արդեն չորրորդ օրն է՝ պայքարում են թղթի գործարանում բռնկված հրդեհի դեմ

Թուրքիա

Թուրքիայում արդեն չորրորդ օրն է՝ պայքարում են թղթի գործարանում բռնկված հրդեհի դեմ

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Տարածաշրջանային

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Թուրքիայում տեղի ունեցած վթարի հետևանքով վիրավորվել է 32 ուղևոր, մահացել՝ 1 երեխա

Թուրքիա

Թուրքիայում տեղի ունեցած վթարի հետևանքով վիրավորվել է 32 ուղևոր, մահացել՝ 1 երեխա

Մակրոնը Էրդողանի հետ զրույցում կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքելու հանգամանքը

Քաղաքականություն

Մակրոնը Էրդողանի հետ զրույցում կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքելու հանգամանքը

Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կստորագրվի

Քաղաքականություն

Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կստորագրվի

Թուրքիան ծրագրում է դառնալ ՇՀԿ-ի լիիրավ անդամ

Թուրքիա

Թուրքիան ծրագրում է դառնալ ՇՀԿ-ի լիիրավ անդամ

Թուրքիան մտադիր չէ ռուս-ուկրաինական հակամարտության կողմ դառնալ. Էրդողան

Քաղաքականություն

Թուրքիան մտադիր չէ ռուս-ուկրաինական հակամարտության կողմ դառնալ. Էրդողան

Էրդողանը հանդիպել է Հունաստանի վարչապետի հետ

Քաղաքականություն

Էրդողանը հանդիպել է Հունաստանի վարչապետի հետ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում