Հայաստանի մանուկներ հիմնադրամի գալա երեկոյին  3.6 մլն դոլար է հանգանակվել

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մանուկներ հիմնադրամի (COAF) 14-րդ ամենամյա դրամահավաք-երեկոյի ընթացքում հանգանակվել է 3.6 միլիոն ԱՄՆ դոլար։ Հանգանակված ողջ հասույթը ծառայելու է Հայաստանի մանուկներ հիմնադրամի կրթական, առողջապահական, սոցիալական և տնտեսական ծրագրերին՝ հատուկ շեշտ դնելով ՍՄԱՐԹ նախաձեռնության վրա։

Նյու Յորքի ամենամեծ բարեգործական միջոցառմանը ներկա էին արվեստի աշխարհում համաշխարհային հռչակ վայելող Թոնի Շաֆրազյանը, «Էմմի» և «Թոնի» մրցանակների դափնեկիր, դերասանուհի Անդրեա Մարտինը, դիզայներ Մայքլ Արամը, շեֆ-խոհարար Ջեֆրի Զաքարյանը, դերասանուհի և երգչուհի Վանեսա Ուիլիամսը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «COAF-ի մարդասիրական մրցանակը» շնորհվել է «Էմմի» մրցանակի դափնեկիր, հագուստի մոդելավորող և դիզայներ Պատրիսիա Ֆիլդին («Սեքսը մեծ քաղաքում», «Սատանան Պրադա է կրում»)։ Ֆիլդը, ով հայկական և հունական արմատներ ունի, Հայաստանի մանուկներ հիմնադրամի վաղեմի աջակիցն է, քաջալերում է մարդկանց իրացնել իրենց ամբողջ ներուժը, լինել յուրօրինակ ու հասնել անհատական կատարելության։

Ֆիլդին անձամբ մրցանակ հանձնեց Վանեսա Ուիլիամսը. նրանք միասին աշխատել են «Տգեղ Բեթին» (Ugly Betty) հեռուստասելիալում։ Երգչուհին կատարեց «Ոսկե գլոբուս» և Ակադեմիայի մրցանակակիր «Քամու գույները» (Colors of the Wind) երգը։

Երեկոյի հատուկ հյուրերն էին Հայաստանից մեկնած երաժիշտներ 14-ամյա սաքսոֆոնահար Ալեքսանդր Ավետիսյանը և 9-ամյա վոկալիստ Անի Մարգարյանը։ Գալայի մասնակիցները հնարավորություն ունեցան ունկնդրելու լեռնագոգցի (Արմավիր) 16-ամյա Նարե Գալստյանին։ Նա վառ գույներով պատմեց, թե ինչպես է COAF-ը փոխել իր կյանքը, ստեղծել այնպիսի հնարավորություններ, որոնք մինչ այդ գոյություն չունեին իրենց գյուղում։

Աշխարհահռչակ կոլեկցիոներ Սայմեն դե Պյուրին աշխուժություն ապահովեց իր վարած աճուրդի ամբողջ ընթացքում։ Ներկայացված էին COAF-ի առաքելությանը նվիրաբերված արվեստի եզակի գործեր հայտնի արվեստագետներ Էդ Ռուշայի, Ռիչարդ Փրինսի, Քենի Սքարֆի և Պատրիկ Դեմարշելյեի կողմից։ Աճուրդում վաճառվեց նաև հայ-ամերիկյան աշխարհահռչակ արձակագիր Վիլյամ Սարոյանի գործերից մեկը։

Հայերեն

Արտաշես Ներսիսյանը չի բացառում, որ ծանրամարտի կանանց հավաքականն առաջիկա աշխարհի առաջնությունում մեդալ կնվաճի

Բուլղարացի ավիացիոն փորձագետը կստանա միջազգային մրցանակ՝ թռիչքների անվտանգության ոլորտում ցուցաբերած առաջնորդության համար. BTA

Հոկտեմբերի 24-ի միջոցառումների անոնս

Մելանյա Թրամփի միջնորդությամբ Օլեշկիում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև տեղային հրադադար է հաստատվել

Կյանքից հեռացել է Հայաստանի վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրոյանը

Ֆրանսիայում սպասվող նոր բողոքի ակցիաների կապակցությամբ երկրում կտեղակայվի շուրջ 70 000 իրավապահ

Ծանրորդ Աննա Ամրոյանը չի մասնակցի աշխարհի առաջնությանը

Մարդու, կենդանիների և շրջակա միջավայրի առողջությունը՝ նույն համատեքստում. COP17-ում անցկացվեց «Մեկ առողջություն» քննարկումը

Տիգրան Հակոբյանն ընտրվել է «Հանրօգուտ մեդիամիջավայր» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ

Մոսկվայի 4 օդանավակայանները փակվել են, «Շերեմետևո»-ում տարհանում են իրականացնում