Քաղաքականություն

Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Հունաստանի նախագահի հետ

2 րոպեի ընթերցում

Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Հունաստանի նախագահի հետ

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտոնական այցելությամբ Աթենքում գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 13-ին հանդիպեց Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսի հետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Ողջունելով ԱԳ նախարարին՝ Պրոկոպիս Պավլոպուլոսը նշեց, որ ուրախ է ընդունել բարեկամ Հայաստանի արտգործնախարարին և հույս հայտնեց, որ այս այցը կնպաստի Հայաստանի և Հունաստանի միջև կապերի առավել ամրապնդմանը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Էդվարդ Նալբանդյանն ասաց, որ խորհրդանշական է դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակի հոբելյանական տարում պաշտոնական այցով գտնվել Հունաստանում և փոխանցեց ՀՀ նախագահի ողջույններն ու բարեմաղթանքները, ինչպես նաև Երևան այցելելու հրավերը:

Հունաստանի նախագահը և Հայաստանի ԱԳ նախարարը գոհունակություն հայտնեցին երկու երկրների միջև բամզաբովանդակ համագործակցության կապակցությամբ՝ ընդգծելով, որ երկու եղբայրական ժողովուրդները միմյանց կապված են դարավոր բարեկամությամբ և փոխադարձ մեծ համակրանքով:

Հանդիպման ընթացքում մտքեր փոխանակվեցին հայ-հունական քաղաքական երկխոսության խորացման, տնտեսական կապերի առավել ակտիվացման վերաբերյալ:

ԵՄ հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի համատեքստում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրեց Հայաստան - Եվրոպական միություն ընդլայնվող հարաբերությունները։

Էդվարդ Նալբանդյանը Պրոկոպիս Պավլոպուլոսին ներկայացրեց հաջորդ տարի Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի օրակարգն ու հիմնական թեմաները։ Հունաստանի նախագահը կարևորեց Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի անցկացումը Երևանում և հաջողություն մաղթեց այդ ներկայացուցչական միջոցառման կազմակերպման գործում։

Հայաստանի արտգործնախարարը Հունաստանի նախագահին ներկայացրեց ղարաղաբյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների համատեղ ջանքերը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում