Պաշտոնական

ՀՀ Նախագահը հրաժեշտի հանդիպում է ունեցել դիվանագիտական առաքելությունն ավարտող Ռումինիայի դեսպանի հետ

2 րոպեի ընթերցում

ՀՀ Նախագահը հրաժեշտի հանդիպում է ունեցել դիվանագիտական առաքելությունն ավարտող Ռումինիայի դեսպանի հետ

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 12-ին ընդունել է Հայաստանում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան Սորին Վասիլեին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Հանրապետության Նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպանին պաշտոնավարման ընթացքում հայ-ռումինական հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ ներդրած ջանքերի համար և հաջողություններ մաղթել հետագա գործունեության մեջ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը մշտապես կարևորել է Ռումինիայի հետ համագործակցության և հարաբերությունների խորացումը՝ հիմնված երկու ժողովուրդների միջև դարավոր բարեկամության վրա: Նախագահը գոհունակությամբ է արձանագրել, որ վերջին տարիներին Հայաստանի և Ռումինիայի միջև նկատելիորեն բարձրացել է քաղաքական հարցերի շուրջ փոխըմբռնման մակարդակը, ինչը, նրա համոզմամբ, կարևոր է հարաբերությունների հետագա խորացման ու ամրապնդման տեսանկյունից։ Հանրապետության Նախագահը շնորհակալություն է հայտնել ռումին ժողովրդին և երկրի իշխանություններին՝ ռումինահայ համայնքի, ինչպես նաև Ռումինիայում հայկական պատմամշակութային ժառանգության հանդեպ ցուցաբերվող հոգատար վերաբերմունքի համար:

Դեսպան Վասիլեն իր համար մեծ պատիվ է համարել Հայաստանում պաշտոնավարելը, նշելով, որ այդ ընթացքում ձեռք է բերել բազմաթիվ ընկերներ, ավելի մեծ փորձառություն և գիտելիքներ հազարամյակների պատմություն ունեցող Հայաստանի ու հայ ժողովրդի մասին: Ռումինիայի դեսպանը վստահեցրել է, որ Հայաստանից հեռանում է շատ լավ տպավորություններով և կշարունակի մնալ հայ ժողովրդի ու Հայաստանի բարեկամը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում