Ստամբուլում ԱՄՆ հյուպատոսության դիմաց խոշոր ցույց է կազմակերպվել
1 րոպեի ընթերցում
![Ստամբուլում ԱՄՆ հյուպատոսության դիմաց խոշոր ցույց է կազմակերպվել](http://armenpress.am/resized/480/static/news/b/2017/12/915354.jpg)
ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլում Միացյալ Նահանգների գլխավոր հյուպատոսության առջև բողոքի ցույց է կազմակերպվել՝ ընդդեմ Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշման: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական Diken պարբերականը:
Հյուպատոսարանի աշխատակիցներն անվտանգության խստացված միջոցներ են ձեռնարկել: ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչության մոտ հավաքվածները Միացյալ Նահանգների ու Իսրայելի դեմ հայտարարություններ ու կոչեր են արել: Հայտարարություններից մեկի մեջ, մասնավորապես, ասվում էր. «Երուսաղեմը լինելու է ոչ թե Իսրայելի մայրաքաղաքը, այլ գերեզմանը»:
Ակցիայից հետո հավաքվածներն առանց որևէ միջադեպի հեռացել են հյուպատոսարանի դիմացից:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեկտեմբերի 6-ին հայտարարել է, որ պաշտոնապես ընդունում է Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք: Այս փաստի առնչությամբ ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչությունը Թել Ավիվից տեղափոխվելու է Երուսաղեմ:
Այս հայտարարությանը պաշտոնական Անկարան խիստ արձագանք է տվել: Թուրքիայի ԱԳՆ-ից որոշումն «անպատասխանատու» են որակել: