Իսակովի պողոտան Լենինգրադյան փողոցին կապող ճանապարհահատվածը կանվանակոչվի Մոնթե Մելքոնյանի անունով
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևան քաղաքի Իսակովի պողոտան Լենինգրադյան փողոցին կապող ճանապարհահատվածը կանվանակոչվի Մոնթե Մելքոնյանի անունով։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ`Երևան քաղաքի ավագանու 2-րդ նստաշրջանի 3-րդ նիստին ավագանու Հանրապետական եւ «Ելք» խմբակցության անդամները կողմ քվեարկեցին նախագծին: «Մեկ տարուց ավելի է այս հարցը քննարկվում է: Մենք հետագայում ճարտարապետների հետ ճանապարհահատվածն այնպիսի շենքերով պետք է կառուցապատենք, որ փողոցին եւ անվանը վայել լինեն»,-ասաց Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Նախագծին դեմ քվեարկեց միայն «Երկիր ծիրանին», նշելով, որ դեմ են Մոնթե Մելքոնյանի անունով կոչել ինչ-որ ծայրամասային փողոց: Ավագանու նիստի ընթացքում ավագանու անդամները կողմ քվեարկեցին նաեւ Կենտրոն վարչական շրջանի Պարոնյան փողոցից մինչեւ Ուրուգվայի հրապարակը Հնդկաստանի փողոց անվանակոչելու հարցին: Օրակարգում ընդգրկված այս հարցն առաջարկվել է ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից, տրվել է նաեւ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի դրական պատասխանը: