Հայտնի են Գրքի երևանյան փառատոնի ստեղծագործական մրցույթի հաղթողները. մրցանակները հանձնեց Արմեն Ամիրյանը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գրքի երևանյան փառատոնի փակման շրջանակում կայացավ դեռևս սեպտեմբերին ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբհայտարարած ստեղծագործական մրցույթի մրցանակաբաշխության արարողությունը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մրցույթի մասնակից գրողներն առանց տարիքային սահմանափակման հայտեր են ներկայացրել 4 անվանակարգերում՝ արձակ, չափածո, դրամատուրգիա և մանկապատանեկան գրականություն։ Ընդհանուր առմամբ ստացվել էր 133 հայտ։ Հեղինակները մրցույթին ներկայացրել են ապագա գրքից մի հատված՝ երեք պատմվածք, ամբողջական վեպը կամ 1/3 մասը, տասնհինգ բանաստեղծություն, մեկ պիես։

Մասնագիտական ժյուրին և նախապես գրանցված ընթերցողները փառատոնի՝ «Yerevan book fest»-ի պաշտոնական ֆեյսբուքյան էջում գնահատել են ներկայացված հայտերը և ընտրել անվանակարգերի հաղթողներին։ Ժյուրիի և ընթերցողների ձայները գումարվել են 60/40 տոկոսային հարաբերակցությամբ։ Ժյուրիի անդամների անունները գաղտնի են պահվել, ինչպես նաև մասնակից գրողների անունները չեն իմացել ժյուրիի անդամները։ Ժյուրիի նախագահն էր բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վազգեն Գաբրիելյանը, մյուս անդամներն էին՝ գրաքննադատ, դրամատուրգ, արձակագիր Ալեքսանդր Թոփչյանը, ռեժիսոր, թարգմանիչ, «Հրանտ Մաթևոսյան» հիմնադրամի տնօրեն Դավիթ Մաթևոսյանը, բանասիրական գիտությունների թեկնածուներ և գրականագետներ Հայկ Համբարձումյանը, Արքմենիկ Նիկողոսյանը, Քրիստինե Հովհաննիսյանը և Հասմիկ Հակոբյանը։

Հաղթողներին մրցանակները հանձնեց և շնորհավորեց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը։ «Շնորհակալություն եմ ցանկանում հայտնել ժյուրիի բոլոր անդամներին, ընթերցողներին, որ այս փառահեռ գաղափարը կարողացանք իրականություն դարձնել»,- ընդգծեց նախարարը։

«Դրամատուրգիա» անվանակարգում երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց Անուշ Ասլիբեկյանը։ Նույն անվանակարգում առաջին մրցանակը ստացավ Գուրգեն Խանջյանը։

«Մանկապատանեկան գրականություն» անվանակարգում երկրորդ տեղը զբաղեցրեց Էլֆիք Զոհրաբյանը, ով նշեց, որ բազմաթիվ թատրոններ բեմադրում են իր հեքիաթ-պիեսները։ «Սա իմ 4-րդ կամ 5-րդ մրցանակն է հեքիաթներիս համար, բայց դեռ գիրք չունեի, սակայն դեկտեմբերին, հույս ունեմ, որ կունենամ»,- ասաց Էլֆիք Զոհրաբյանը։

«Մանկապատանեկան գրականություն» անվանակարգում առաջին մրցանակը տրվեց Սիլվա Հովհաննիսյանին։

«Չափածո» անվանակարգում երկրորդ մրցանակը ստացավ Հուսիկ Արան, իսկ առաջին հորիզոնականը զբաղեցրեց՝ Ներսես Աթաբեկյանը։

«Արձակ» անվանակարգում երկրորդ տեղը զբաղեցրեց Հովհաննես Երանյանը, իսկ առաջինը՝ Համբարձում Համբարձումյանը։

Գրող Գուրգեն Խանջյանի համար իր մրցանակը շատ կարևոր է, քանի որ դրանով գիրք է տպագրվելու։ «Ես, եթե հաշվեմ իմ բոլոր մրցանակները, շատ կլինեն, դժվար կարողանամ, բայց այս մրցանակը շատ նշանակալից է՝ գիրք է տպագրվելու։ Ես ներկայացրել էի պիես, և հիմա տպագրվող գրքում դա և ևս երեքը տեղ են գտնելու»,- նշեց Գուրգեն Խանջյանը և, անդրադառնալով մրցույթին, ասաց, որ այն շատ հաջողված է, և նա շատ է ուրախանում, որ երիտասարդությունը մեծ մասն է կազմում այս ամենի։

Մրցութային չորս անվանակարգերի հաղթողները ստացան դրամական պարգևներ. 1-ին հորիզոնականի համար՝ 500 հազարական դրամ, իսկ 2-րդի համար՝ 300 հազարական դրամ։ Գումարները փոխանցվելու են Հայաստանում գործող այն հրատարակիչներին, որոնց հեղինակները կվստահեն իրենց գրքերի հրատարակման իրավունքը։ Նախընտրած հրատարակչին դրամական պարգևի փոխանցումից հետո վերջինը պարտավորվում է առավելագույնը մեկ տարում հրատարակել գրողի ստեղծագործական ժողովածուն կամ վեպը։

Փառատոնը և մրցանակաբաշխությունը կազմակերպել է «Միհր» ստեղծագործողների միությունը՝ աջակցությամբ ՀՀ մշակույթի նախարարության։

Հայերեն

Վրաստանում հայտնաբերվել է սպանության համար հետախուզվող անձը

Քննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներն ու ընթացիկ ծրագրերը

Բեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսը

ՀՀ ֆինանսների նախարարության հասարակական խորհրդի նիստում քննարկվել են 2027-ի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ առաջարկությունները

«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք

Քննարկվել են հայկական վերամշակված արտադրանքն Օմանի շուկա արտահանելու և շուկայում դրանց երկարաժամկետ ներկայացվածությունն ապահովելու մասին հարցեր

ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է նոր տրանսպորտային միջոցներով և մասնագիտացված տեխնիկայով

ՀՀ վարչապետի խոսնակը հերքում է Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման մասին ռուսական լրատվամիջոցի հրապարակումը

Հայաստանն արդեն իսկ զգալի առաջընթաց է արձանագրել մի շարք ոլորտներում. Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման երկրորդ առաքելությունը Հայաստանում է

Հայաստանն ուժեղացնում է պատվաստումների գործընթացի թվայնացված մոնիտորինգը՝ տվյալների վրա հիմնված որոշումներ կայացնելու համար