Պաշտոնական

Նախագահ Սարգսյանը Մոսկվայում այցելել է «Սուրբ Պայծառակերպություն» Մայր տաճար

2 րոպեի ընթերցում

Նախագահ Սարգսյանը Մոսկվայում այցելել է «Սուրբ Պայծառակերպություն» Մայր տաճար

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով աշխատանքային այցով նոյեմբերի 15-ին ժամանել է Մոսկվա: Առավոտյան Հանրապետության Նախագահն այցելել է Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդարան և «Սուրբ Պայծառակերպություն» Մայր տաճար: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Մոմավառությունից և գովաբանական աղոթքին մասնակցելուց հետո, Նախագահ Սարգսյանը թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի, մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի, համայնքի ներկայացուցիչների և Հայաստանից ժամանած մշակութային գործիչների ուղեկցությամբ դիտել է եկեղեցական համալիրի տարածքում ներկայացված ժամանակակից հայկական խաչքարերի ցուցահանդեսը, որտեղ ցուցադրված են քանդակագործ Ռուբեն Նալբանդյանի հեղինակած շուրջ երկու տասնյակ խաչքարեր։

Այնուհետև Նախագահը եկեղեցական համալիրի «Տապան» թանգարանում դիտել է «Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրերի» շրջանակներում բացված՝ ՀԱԵ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի հիմնադրման 300-ամյակին նվիրված «Բիբլիական երկիր Հայաստան» խորագրով ցուցահանդեսը, որն ունի երկու խոշոր թեմատիկ բաժիններ՝ Հայաստանի պատմությունը բրոնզե դարից մինչև Ուրարտու և քրիստոնեության ընդունումից մինչև մեր օրեր: Ցուցահանդեսում ներկայացված են եկեղեցական պարագաներ, հնագույն ձեռագրեր, հին դրամներ և հուշամեդալներ, եզակի գտածոներ, հայ նշանավոր նկարիչների կտավներ։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում