Հասարակական

ՍԱՊԾ պետը ռիսկային չի համարում «Մոնսանտո»-ի կողմից ներկրվող սերմերի ծավալը

2 րոպեի ընթերցում

ՍԱՊԾ պետը ռիսկային չի համարում «Մոնսանտո»-ի կողմից ներկրվող սերմերի ծավալը

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ամերիկյան «Մոնսանտո» ընկերության կողմից Հայաստան ներկրված սերմերի ծավալը չի գերազանցում 1 տոկոսը ընդհանուր ներկրման մեջ: ՀՀ սննդի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց, որ չի կարծում, թե դա մեծ ռիսկ է պարունակում:

«Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների մասով գիտության մեջ դեռևս կան տարբեր քննարկումներ: Մեր ծառայությունը գործողություններ է իրականացնում իր լիազորությունների շրջանակում ու ուսումնասիրում է շրջանառության գործընթացը»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ,ասաց ՍԱՊԾ պետը:

Նրա տեղեկացմամբ, 2018 թվականին ՍԱՊԾ-ը նախատեսել է լայնածավալ մոնիտորինգային ծրագրեր իրականացնել՝ բուսական ծագման մթերքներում պեստիցիդների, նիտրատների և ԳՄՕ-ների մասով: Այդ արդյունքներն ամփոփելուց հետո էլ ծառայությունը կունենա ամբողջական պատկեր՝ վերահսկողության մասով գնահատականներ տալու համար:

Հարցին, թե որքանով է նպատակահարմար թույլ տալ, որ ԳՄՕ պարունակող սննդամթերքը մուտք գործի Հայաստան՝ ՍԱՊԾ պետը պատասխանեց, որ իրենք գործում են իրենց լիազորությունների շրջանակում: «Իմ իրավասություններից դուրս է՝ նման սննդամթերքը կգա Հայաստան, թե ոչ: Ես ինքս որպես մարդ, որպես քաղաքացի, բնականաբար, չեմ կարծում, որ ԳՄՕ պարունակող մթերքը նպատակահարմար է իրացնել Հայաստանում, բայց գիտության մեջ կան քննարկումներ, որոնք դեռ շարունակվում են՝ կապված ԳՄՕ մթերքների վնասական ազդեցության և գյուղատնտեսության տեսանկյունից դրանց արդյունավետության հետ: Այդ վեճը դեռ գնում է, բայց ես որպես քաղաքացի չէի ցանկանա նման ապրանք օգտագործել»,- ընդգծեց Կարապետյանը՝ ավելացնելով, որ Հայաստանում սննդամթերքի անվտանգության մասին օրենսդրությամբ սահմանված է պահանջ՝ իրականացնել ԳՄՕ-ի համար համապատասխան մակնշում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում