Նախագահն ընդունել է Մխիթարյան միաբանության քահանայապետական պատվիրակ Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Վենետիկի Մխիթարյան միաբանության քահանայապետական պատվիրակ, Թուրքիայի Հայ Կաթողիկե եկեղեցու թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանին, ով Երևան է ժամանել Սուրբ Ղազար կղզում Մխիթարյան միաբանության հաստատման 300-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում. հոկտեմբերի 20-24-ը մայրաքաղաքում միջոցառումներ են անցկացվում հիշարժան այդ հոբելյանի կապակցությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրին և նրան ուղեկցող պատվիրակության անդամներին՝ Հանրապետության Նախագահը հանդիպման առիթով ևս մեկ անգամշնորհավորել է Միաբանության 300-ամյակի առթիվ՝ ընդգծելով այն անփոխարինելի և հսկայական դերակատարությունը, որ հիմնադրվելուց ի վեր ունեցել է Մխիթարյան միաբանությունը՝աշխարհին հայտնի դառնալով որպես հոգևոր, ուսումնակրթական, գրական, գիտամշակութային կենտրոն: Նախագահի խոսքով՝ երեք դար առաջ հայ մտքի հոգևոր հսկա Մխիթար Սեբաստացու հիմնած հաստատությունը Սուրբ Ղազար կղզում գործունեություն սկսելու պահից ի վեր բացառիկ մեծ ավանդ է ներդրել հայապահպանության գործում, որի վկայություններից են Միաբանության վանական համալիրում պահվող՝ հայ մշակութային ժառանգության մաս կազմող բազմաթիվ ձեռագրերն ու մատյանները, որոնք նաև համաշխարհային քաղաքակրթության նմուշներ են:

Սերժ Սարգսյանը նշել է, որ Իտալիա և Ավստրիա իր այցելությունների ընթացքում աշխատում է բաց չթողնել առիթը և մեծագույն հաճույքով այցելում է Վենետիկի և Վիեննայի Մխիթարյան միաբանության հաստատություններ:

Նախագահն անհրաժեշտություն է համարել, որպեսզի Միաբանությունը շարունակի իր արդյունավետ գործունեությունը և ընդգծել, որ ցանկացած դժվարություն, առաջացող խնդիրներ հնարավոր է լուծել միայն Հայաստան-սփյուռք սերտ համագործակցությամբ, որի պատրաստակամությունը երկուստեք կա:

Հանրապետության Նախագահը բարձր է գնահատել Գերաշնորհ Տեր Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանի բեղուն գործունեությունը՝ ուղղված հայ ժողովրդի հոգևոր, մշակութային ժառանգությունն աշխարհին ճանաչելի դարձնելուն, հայապահպանությանն ու սերունդների կրթությանը:

Գերաշնորհ Տեր Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանը շնորհակալություն է հայտնել Հանրապետության Նախագահին ջերմ և քաջալերող խոսքերի համար՝ ընդգծելով, որ հայրենիքի ամուր թիկունքը մշտապես զգալը շատ կարևոր է: Նա ջերմությամբ է հիշել Նախագահի այցելությունները Միաբանության հաստատություններ և հույս հայտնել, որ նման առիթներ առաջիկայում ևս կլինեն: «Միասնաբար, ձեռք ձեռքի տված միաբանությունն իր անդամների և նաև բարեկամների հետ Ձեր՝ մեծարգո՛ Նախագահ և Վեհափառ Տիրոջ բարձր հովանու ներքո պետք է ջանա 300-ամյակի հոբելյանական տարին պատշաճ անցկացնել»,- նշել է Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանը:

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են նաև Թուրքիայի հայ կաթողիկե համայնքին վերաբերող հարցեր:

Հայերեն العربية English Русский

Հնդկաստանի պաշտպանական կառավարման քոլեջի պետի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Իսրայելը մտադիր չէ վերսկսել ռազմական հարվածներն Իրանին մինչև հոկտեմբերի 27-ի ընտրությունները

Առաջիկա օրերին ՀՀ կառավարությունը որոշում կընդունի ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու վերաբերյալ

Էներգետիկ հրադադարի ուղղությամբ աշխատանքները շարունակվում են. Պեսկով

ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափերի խարդախության դեպք

Իսպանացի ֆերմերները տրակտորներով մեկնել են Բարսելոնա

Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը՝ աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալակիր

Համբուրգում սկսվել է «Հյուսիսային հոսք» գազատարի դեմ դիվերսիայի գործով դատավարությունը

Երևանում COP17-ին ընդառաջ տեղի է ունեցել ՄԱԿ-ի և Հայաստանի դրոշների բարձրացման հանդիսավոր արարողությունը

Լեհաստանի արտգործնախարարը Starlink-ի հնարավոր սահմանափակումների պատճառով քննադատել է Մասկին