Հասարակական

Հայաստանի ԱԻՆ-ի և ՄԱԿ-ի համագործակցութունն ընդլայնվում է

2 րոպեի ընթերցում

Հայաստանի ԱԻՆ-ի և ՄԱԿ-ի համագործակցութունն ընդլայնվում է

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը հոկտեմբերի 9-ին ընդունեց ՄԱԿ-ի Մարդասիրական գործերի համակարգման գրասենյակի (UNOCHA) Կենտրոնական Ասիայի և Կովկասի տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Մարսել Վասենին և նույն կառույցի Հայաստանի, Վրաստանի և Թուրքմենստանի Աղետներին արձագանքման գծով ազգային խորհրդական Աշոտ Սարգսյանին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին դեռ փետրվարի 26-ին ՀՀ կառավարության և Միավորված ազգերի կազմակերպության միջև կնքված աղետների և արտակարգ իրավիճակների ժամանակ մարդասիրական օգնության բեռների ու մարդասիրական օգնություն իրականացնող անձնակազմի գույքի ներմուծումը, արտահանումը և տարանցումը պարզեցված կարգով կազմակերպելու մասին համաձայնագրի հիման վրա Հայաստանի օրենսդրական դաշտի բարելավման հնարավորությունները: ՄԱԿ-ի Մարդասիրական գործերի համակարգման գրասենյակը օժանդակելու է Հայաստանի Հանրապետությանը աղետների ժամանակ հումանիտար օգնության պլանների մշակման և հումանիտար աջակցության կիազմակերպման հարցերում:

Կողմերը կարևորեցին համագործակցությունը տարածաշրջանային մակարդակում՝ ընդգծելով, որ հարևան երկրների միջև սերտ համագործակցությունը նպաստում է տարածաշրջանում աղետների ռիսկի նվազեցմանն ու աղետներին ընդհանուր դիմակայունության բարձրացմանը. որպես տարածաշրջանային համագործակցության վառ օրինակ նշվեց սույն թվականի օգոստոսին հայ հրշեջ-փրկարարների ներգրավվածությունը Վրաստանում անտառային հրդեհների հրդեհաշիջման աշխատանքներին:

Համագործակցության խորացման համատեքստում քննարկվեցին նաև ՀՀ ԱԻՆ աշխատակիցների վերապատրաստման և փորձի փոխանակման հնարավորությունները:
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում