Պաշտոնական

Կոլումբիայի նորանշանակ դեսպանը հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Նախագահին

2 րոպեի ընթերցում

Կոլումբիայի նորանշանակ դեսպանը հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Նախագահին

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանին հոկտեմբերի 3-ին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Կոլումբիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ալֆոնսո Լոպես Կաբալյերոն (նստավայրը՝ Մոսկվա): Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Հանրապետության Նախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել մեր երկրում դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում։ Նախագահ Սարգսյանը հույս է հայտնել, որ Ալֆոնսո Լոպես Կաբալյերոն՝ որպես Հայաստանում Կոլումբիայի առաջին դեսպան, ջանքեր կներդնի երկու երկրների միջև համագործակցության զարգացման և խորացման ուղղությամբ՝ ընդգծելով, որ Հայաստանն այդ ցանկությունը և պատրաստակամությունն ունի: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ երկու երկրներում դեսպանների հավատարմագրումը նոր խթան կհանդիսանա երկկողմ միջպետական հարաբերությունների ամրապնդման գործում:

Նշելով, որ չնայած աշխարհագրական հեռավորությանը հայ ժողովուրդը ջերմ վերաբերմունք ունի Լատինական Ամերիկայի երկրների, այդ թվում՝ Կոլումբիայի նկատմամբ, ինչը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ նախորդ դարասկզբին հայ ժողովրդի համար ճակատագրական պահին՝ Ցեղասպանությունից մազապուրծ նրա մի հատվածին այդ երկրներն ապաստան ու զարգանալու հնարավորություն են տվել: Կոլումբիայում Արմենիա անունով քաղաքի առկայությունը ևս, Հանրապետության Նախագահի համոզմամբ, երկու ժողովուրդների միջև եղած առնչությունների վկայություններից է:

Դեսպան Ալֆոնսո Լոպես Կաբալյերոն, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, վստահեցրել է, որ կանի ամեն հնարավորը հայ-կոլումբիական հարաբերությունների զարգացման համար՝ համակարծիք լինելով, որ երկու ժողովուրդները միմյանց հանդեպ ջերմ զգացումներ են տածում, ինչը լավ հիմք է միջպետական կապերի ամրապնդման համար:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում