Պաշտոնական

Հայ-ֆրանսիական առևտրատնտեսական հարաբերությունների խորացումը առաջնայնություն է. ՀՀ Նախագահն ընդունել է Օլիվիե Դասոյին

2 րոպեի ընթերցում

 Հայ-ֆրանսիական առևտրատնտեսական հարաբերությունների խորացումը առաջնայնություն է. ՀՀ Նախագահն ընդունել է Օլիվիե Դասոյին

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 26-ին ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Օլիվիե Դասոյին: Ողջունելով հյուրին մեր երկրում՝ Հանրապետության Նախագահը հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների ամրապնդման գործում մեծ դեր է վերապահել միջխորհրդարանական համագործակցությանը: Գոհունակությամբ փաստելով, որ երկու բարեկամ պետությունների միջև հարաբերություններն արդյունավետորեն զարգանում են բոլոր ոլորտներում՝ Սերժ Սարգսյանը նշել է, որ երկկողմ օրակարգի առաջնայնություններից է հայ-ֆրանսիական առևտրատնտեսական հարաբերությունների խորացումը՝ այն ակտիվ երկխոսությամբ առանձնացող քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակին համահունչ դարձնելու նպատակով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Նախագահ Սարգսյանը և Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Օլիվիե Դասոն հայ և ֆրանսիացի ժողովուրդների դարավոր բարեկամության և միջպետական հարաբերությունների ամրապնդման գործում կարևորել են Հայաստան-Ֆրանսիա միջխորհրդարանական բարեկամության խմբերի արդյունավետ գործունեությունը, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում սերտ փոխգործակցությունը:

Ընդգծելով Օլիվիե Դասոյի և նրա ընտանիքի դերակատարությունը Ֆրանսիայի հասարակական-քաղաքական կյանքում՝ Նախագահը հույս է հայտնել, որ նրա այցը Հայաստան իր նպաստը կբերի հայ-ֆրանսիական բարեկամական կապերի առավել սերտացմանն ու զարգացմանը:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում