ՀՀ Նախագահի նստավայրում տեղի է ունեցել Թուրքմենստանի Նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով պաշտոնական այցով օգոստոսի 23-ի երեկոյան Հայաստանի Հանրապետություն է ժամանել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը: Հանրապետության Նախագահի նստավայրում օգոստոսի 24-ին տեղի է ունեցել Թուրքմենստանի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը, որից հետո կայացել է նախագահներ Սերժ Սարգսյանի և Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի առանձնազրույցը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Նախագահ Սերժ Սարգսյանը ողջունել է հյուրին մեր երկրում և նշել, որ հայ-թուրքմենական հարաբերությունները բարեկամական են և բազմաշերտ բնույթ ունեն:

«Շատ ուրախ եմ, որ Դուք այսօր Հայաստանում եք: Ձեր այցը նշանակալի իրադարձություն է, և այն տեղի է ունենում մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի նախօրեին: Սա շատ լավ առիթ է ինչ-որ չափով ամփոփելու արդյունքներն ու նախանշելու մեր ապագա աշխատանքը: Թուրքմենստանը վստահելի գործընկեր է, և մենք հետաքրքրված ենք ակտիվորեն զարգացնելու մեր պետությունների միջև հարաբերությունները, ինչի համար կան բոլոր հնարավորությունները: Մենք ակտիվ շփվում ենք, և ես շատ ուրախ եմ, որ այսօր հնարավորություն ունենք խոսելու մեր հետագա ծրագրերի մասին: Բարով եք եկել: Շատ ուրախ եմ Ձեզ տեսնելու և, իհարկե, իմ բարեկամական ողջույնները՝ Թուրքմենստանի ժողովրդին»,- ասել է Հանրապետության Նախագահը:

Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը շնորհակալություն է հայտնել Նախագահ Սերժ Սարգսյանին ջերմ խոսքերի և պաշտոնական այցով Հայաստան այցելելու հրավերի համար:

«Կցանկանայի Թուրքմենստանի պատվիրակության անունից ևս շնորհակալություն հայտնել Ձեր ջերմության, հյուրընկալության համար, և ինչպես Դուք շատ ճիշտ նշեցիք՝ այս տարի՝ իսկ ավելի ստույգ հոկտեմբերի 9-ին, լրանում է դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը: Կցանկանայի ասել, որ այս տարիների ընթացքում շատ բան է արվել Թուրքմենստանի և Հայաստանի Հանրապետության միջև և՛ քաղաքական, և՛ առևտրատնտեսական, և՛ մշակութային-հումանիտար կապերի զարգացման գործում: Ամենակարևորը, ինչը և Դուք իրավացիորեն նշեցիք՝ այս այցը նոր խթան է հաղորդում մեր փոխգործակցությանը և բացահայտում է փոխհարաբերությունների զարգացնման նոր հնարավորություններն ու հեռանկարը:

Իհարկե, այդ ամենը հանուն մեր ժողովուրդների բարօրության է: Ես կցանկանայի ընդգծել նաև արտաքին քաղաքականությանն առնչվող հարցերը, որոնց հետ կապված մենք ձեզ միշտ շնորհակալ ենք: Դուք մշտապես աջակցություն եք ցուցաբերում չեզոքության մեր կարգավիճակին վերաբերող հարցերում: Միջազգային հարթակներում մեր կողմից առաջ քաշված հարցերը, որոնք, իհարկե, ընդհանուր հարցեր են, ինչպես օրինակ՝ ամբողջ աշխարհում կայունության և անվտանգության հաստատումը, էներգաանվտանգությանն առնչվող հարցերը, կայուն տրանսպորտի և տրանսպորտային միջանցքների զարգացմանն առնչվող հարցերը, առավել ևս, որ դրանց վերաբերյալ ընդունվել են ՄԱԿ-ի համապատասխան բանաձևեր, մենք կտեղափոխենք նաև այլ հեղինակավոր միջազգային՝ ԵԱՀԿ, ԱՊՀ և այլ կազմակերպություններ: Դրա համար էլ մենք ճիշտ ենք վարվում, որ շարունակաբար խորհրդակցություններ ենք անցկացնում մեր ԱԳՆ-ների միջև այդ հարցերի շուրջ: Անհրաժեշտ է դրանք շարունակել:

Առևտրատնտեսական ոլորտում այսօր Թուրքմենստանը շատ մեծ ներուժ ունի: Նման ներուժ դուք ևս ունեք: Կարծում եմ, որ մենք այն կարող ենք օգտագործել տարբեր ուղղություններով: Իհարկե, դրանք առաջին հերթին առևտրին, էներգետիկային, գյուղատնտեսությանը, տեքստիլ արդյունաբերությանը, առողջապահությանը, ինչպես նաև բազմաթիվ այլ ուղղությունների առնչվող հարցերն են: Իհարկե, այստեղ հիմնական ծանրությունն ընկնում է Տնտեսական համագործակցության հարցերով մեր միջկառավարական հանձնաժողովի վրա, որն էլ պետք է հանդիսանա մեր երկրների միջև հիմնական համակարգողը:

Հումանիտար կապերի առումով մեզ շատ բան է միավորում: Մեր հարաբերությունները գալիս են դեռևս միջնադարից: Ուրախալի է, որ մենք դա այսօր շարունակում ենք և օրինակ ենք հանդիսանում մեր երկրների ապագա սերունդների համար:

Եվս մեկ անգամ կցանկանայի երախտագիտություն հայտնել Ձեզ հրավերի համար և առիթից օգտվելով՝ ցանկանալ պետական Ձեր գործունեությանը հաջողություն, Հայաստանի Հանրապետության ամբողջ ժողովրդին բարգավաճում և ամենայն բարիք»,- ասել է Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը:

Հայերեն العربية English Русский

Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններից մի քանիսի աշխատանքը վերսկսվել է. ՌԴ փոխվարչապետ

ՀՀ վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Հայաստանի միգրացիոն կառավարման համակարգի վերափոխման հիմնական ուղղությունները

Ալեքսանդրա Գրիգորյանը՝ Մ23 տարեկանների Եվրոպայի չեմպիոն

ՌԴ-ի և ԱՄՆ-ի էներգետիկայի նախարարությունները քննարկում են դիզելային վառելիքի մատակարարումների պայմանագրերը

Համաշխարհային օպերային աստղերը՝ Երևանում. Գեղամ Գրիգորյանի հոբելյանը համախմբել է Պլասիդո Դոմինգոյին, Հասմիկ Գրիգորյանին և այլ հայտնիների

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-14/10/26

Ասիական ինդեքսներ - 14-10-26

Վառնան հոկտեմբերի 16-17-ին կհյուրընկալի Urban Wine Fest-ը. BTA

Զինված ուժերում ոչ մարտական մահերի կանխարգելումը համակարգային բարեփոխումներ է պահանջում․ ՄԻՊ

Պետգույքի կոմիտեն ներկայացրել է ավտոմեքենաների և այլ շարժական գույքի առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը