Հասարակական

Մի շարք փառատոններ կայացած են և ներկայանում են որպես զբոսաշրջային արդյունք. Մեխակ Ապրեսյան

2 րոպեի ընթերցում

Մի շարք փառատոններ կայացած են և ներկայանում են որպես զբոսաշրջային արդյունք. Մեխակ Ապրեսյան

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում անցկացվող մի շարք փառատոններ կայացած են և ներկայանում են որպես զբոսաշրջային արդյունք:

Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Մեխակ Ապրեսյանը:

«Արդեն իսկ կան մի շարք տեղական կայացած փառատոններ՝ գինու, մեղրի, խորովածի, որոնք ամեն տարի նոր թափով են անցկացվում։ Բազմաթիվ փառատոններ արդեն տուրիստական ընկերությունների օրակարգում են: Զբոսաշրջային խմբեր, անհատներ գալիս են հենց նման միջոցառումների մասնակցելու: Դա խոսում է այն մասին, որ այս միջոցառումային տուրիզմը զարգանում է»,-ասաց Մեխակ Ապրեսյանը: Նրա խոսքով, կան փառատոններ, որոնք հայտնի են ոչ միայն Հայաստանում, այլև միջազգային շուկայում, լուսաբանվում են մի շարք միջազգային լրատվամիջոցների կողմից:

«Մենք փորձում ենք այնպես անել, որ զբոսաշրջիկն իր ճանապարհորդությունը պլանավորելիս որոշի գալ Հայաստան հենց փառատոնին մասնակցելու: Մեր ծրագիրը հեռանկարային է, քանի որ տեսնում ենք զբոսաշրջիկների ուրախությունը նման փառատոններին մասնակցելու ժամանակ»,- ավելացրեց Մեխակ Ապրեսյանը:

Նա կարևոր համարեց մարզերում այդ փառատոնների անցկացումը, որովհետև դրանք նպաստում են տնտեսական ակտիվությանը: Մեխակ Ապրեսյանը նշեց, որ պետական քաղաքականություն իրականացնելիս պետությունը հաշվի չի առնում մարզի՝ Երևանից հեռու լինել չլինելու հանգամանքը: Կառավարությունը շահագրգռված է զարգացնել զբոսաշրջությունը սահմանամերձ գոտիներում և դրան միտված ամենօրյա աշխատանք է տանում: ՀՀ մարզերում ենթակառուցվածքների, ծառայությունների որակի և բազմազանության հետ կապված խնդիրներ կան, սակայն Մեխակ Ապրեսյանը նշեց, որ այդ ուղղությամբ ևս աշխատանք իրականացվում է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում