Հասարակական

ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության արդիականացման գործընթացը մեկնարկել է

2 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության արդիականացման գործընթացը մեկնարկել է

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը հուլիսի 24-ին ընդլայնված խորհրդակցություն անցկացրեց ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալության և ՊՈԱԿ-ների ղեկավար կազմի ու աշխատակիցների մասնակցությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին ՀՀ ԱԻՆ ՍՊԾ-ի արդիականացման, օպտիմիզացիայի, կառուցվածքային փոփոխության և միջազգային համագործակցության հիմնահարցերը: ԱԻ նախարարն ընդգծեց, որ սեյսմիկ պաշտպանության համակարգի օպտիմիզացիան և արդիականացումն իրականացվելու են միջազգային լավագույն փորձի ուսումնասիրության հիման վրա. մասնավորապես օպտիմիզացվելու է կառավարման համակարգը և թվայնացվելու են դիտացանցերը, ինչը թույլ կտա ավելի քիչ ռեսուրս ծախսելու պայմաններում ապահովել առավելագույն արդյունք:

Նախարար Տոնոյանը հանձնարարեց ակտիվացնել համագործակցությունը միջազգային ոլորտում՝ հատկապես դիտակայանների արդիականացման և դիտացանցերից ստացվող տեղեկատվության համալրման և թվայնացման գործընթացում՝ ներգրավվելով միջազգային մակարդակում իրականացվող ծրագրերում:

«ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայությունը միջազգային համագործակցության գործընթացներում պետք է լինի նախաձեռնողի դերում, այլ ոչ թե՝ սպասողի»,-հավելեց նախարարը:

Խորհրդակցության ավարտին նախարարը տեղեկացրեց ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալության պետ Հրաչյա Պետրոսյանի՝ պաշտոնը զբաղեցնելու առավելագույն տարիքը լրանալու հիմքով աշխատանքից ազատման մասին: Ընդգծելով Հ. Պետրոսյանի ծավալուն և վաստակաշատ աշխատանքը սեյսմիկ պաշտպանության համակարգի ձևավորման գործընթացում՝ ԱԻ նախարարը վերջինիս պարգևատրեց ՀՀ ԱԻՆ «Փառքի խաչ Նոյ» մեդալով և ՀՀ ԱԻՆ շնորհակալագրով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում