Տնտեսություն

Մինչև 2020 թվականը Հայաստանը կարող է ունենալ տարեկան շուրջ 2.5 միլիոն տուրիստ

3 րոպեի ընթերցում

Մինչև 2020 թվականը Հայաստանը կարող է ունենալ տարեկան շուրջ 2.5 միլիոն տուրիստ

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում զբոսաշրջության զարգացման ուղղությամբ մի շարք միջոցառումներ են ձեռնարկվում՝ իրականացնելով թվային մարքեթինգ և ձևավորելով զբոսաշրջային արդյունք:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Խզմալյանն ասաց, որ մինչև 2017 թվականի մայիս ամիսն այցելությունների թիվն աճել է մոտ 30 տոկոսով՝ անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:

Խոսելով իրենց գործունեության մասին՝ Խզմալյանն ասաց, որ ունեն երկու հիմնական անելիք Հայաստանի զբոսաշրջության զարգացման համար` իրականացնել թվային մարքեթինգ և ձևավորել զբոսաշրջային արդյունք:

«Թվային մարքեթինգ ասելով, նկատի ունենք, որ որքան իրազեկված եղավ Հայաստան եկող զբոսաշրջիկը, այնքան ավելի վստահ է լինում, մտածում, որ ապահով տեղ է գալիս: Երկրի մասին տեղեկատվության տիրապետելը հոգեբանորեն մարդու մեջ առաջացնում է վստահության և անվտանգության զգացում: Մեր հիմնական խնդիրն է, որ մարդիկ ոչ թե գան և այստեղ ճանաչեն Հայաստանը, այլ մինչև գալը՝ իրենց երկրներում, իրենց տներում հնարավորություն ունենան ստանալու լիարժեք տեղեկություն Հայաստանի մասին»,- ասաց Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրենը:

Նրա խոսքով՝ հուլիս ամսվա վերջում նրանք կգործարկեն իրենց կայքը, որը նախատեսված է տարբեր ճաշակների, նախասիրությունների և հետաքրքրությունների տեր մարդկանց համար: Կայքի միջոցով հնարավոր կլինի իմանալ, թե ինչ զբոսաշրջային ուղղություններ կան, ինչ ծառայություններից կարելի է օգտվել, անհրաժեշտության դեպքում ո՞ւմ կարելի է դիմել և այլն:

«Բացի թվային մարքեթինգից, մենք կիրականացնենք այլ մարքեթինգային միջոցառումներ: Զբոսաշրջային արդյունք ստեղծելու ուղղությամբ մենք աշխատանքներ ենք տանում: Մենք լրջորեն պետք է մտածենք զբոսաշրջիկի մոտիվացիաները ամրապնդելու ուղղությամբ, թե ինչու պետք է տեսնի Գառնին, Գեղարդը կամ Զորաց քարերը: Շատ հիմքեր ստեղծելով ավելի շատ զբոսաշրջիկներ շահագրգռված կլինեն Հայաստան այցելել: Մինչև 2020 թվականը Հայաստանը կարող է ունենալ տարեկան շուրջ 2.5 միլիոն տուրիստ»,- նշեց Խզմալյանը:

Ներկայացնելով վիճակագրական տվյալները՝ Արա Խզմալյանն ասաց, որ անցյալ տարի Հայաստան է այցելել 1.5 միլիոն զբոսաշրջիկ, իսկ սփյուռքի ընդամենը 10 տոկոսն է եղել Հայաստանում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում